ARM   RUS   ENG

Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է

Դժվար թե քաղաքակիրթ աշխարհում գտնվի որևէ մեկը, ով ծանոթ չէ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներին: Հայտնի հեքիաթագիրը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին դանիական Օդենս քաղաքում:

Վիքիփեդիայից տեղեկացանք, որ կոշկակարի և գումարի դիմաց լվացք անողի որդին դառը մանկություն է ունեցել: Մայրը հաճախ ստիպված փողոցներում մուրացկանությամբ է զբաղվել:

Դեռ մանուկ հասակից գրողն առանձնացել է բուռն երևակայությամբ, սիրել է երազել, հնարել տարբեր պատմություններ և փոքրիկ տնական բեմադրություններ է կազմակերպել, ինչի համար արժանացել է իրեն շրջապատող երեխաների ծաղրանքին:

Հոր մահվանից հետո, Անդերսենը ստիպված է եղել աշխատել որպես աշակերտ` կտորագործի, դերձակի մոտ, իսկ հետո նաև որպես բանվոր` ծխախաոտի արտադրամասում:

14 տարեկան հասակում Անդերսենը մեկնել է Կոպենհագեն: Երբ մայրը հարցրել է որդուն, թե ինչու է նա մեկնում, Անդերսենը պատասխանել է. «Որ հանրաճանաչ դառնամ»:

Կոպենհագենում մեկ տարվա ընթացում Անդերսենը փորձում է թատրոնում աշխատանք գտնել: Շատ անգամ մերժված լինելուց հետո, Անդերսենին, շնորհիվ իր մեղմահունչ ձայնի, հաջողվում է աշխատանքի անցնել Դանիայի Թագավորական թատրոնում` որպես երկրորդական դերերի դերակատար: Սակայն, անցումային շրջանում Հանսի ձայնը փոխվում է, և նա կորցնում է իր աշխատանքը: Այդ ընթացքում Անդերսենն արդեն հասցրել էր պիես գրել:

Անդերսենը նամակ է գրում թագավորին և խնդրում իր ստեղծագործությունը հրատարակելու համար գումար տրամադրել: Գիրքը, որում նաև ընդգրկված էին գրողի բանաստեղծությունները չվաճառվեց և օգտագործվում էր որպես փաթեթավորման թուղթ:

Բարի մարդիկ խնդրում են թագավոր Ֆրեդերիկ VI-րդին օգնել երիտասարդ Հանսին, և շուտով Անդերսենը, թագավորական գանձարանի հաշվին, դպրոց է ընդունվում, ուր բոլոր աշակերտներն իրենից 6 տարով փոքր էին: Անդերսենը հետագայում երբեք չի սիրել հիշել իր դպրոցական մռայլ և տխուր տարիները:
 

1827 թվականին Անդերսենն ավարտեց դպրոցը, սակայն մինչև կյանքի վերջ այդպես էլ չսովորեց ուղղագրության կանոնները և գրում էր ուղղագրական սխալներով:

Ի տարբերություն այլ հեքիաթագիրների, Անդերսենը երբեք չի սիրել երեխաներին: Երբ նա արդեն հայտնի էր դարձել, մի քանդակագործ առաջարկում է Անդերսենին քանդակել` երեխաներով շրջապատված, սակայն զայրացած գրողը վռնդում է քանդակագործին էլ, երեխաներին էլ: Այդպես մենության մեջ էլ նա մահանում է:

Անդերսենի թողած գրական ժառանգությունը շատ մեծ է և արժանավոր: «Անճոռնի ճուտիկը», «Ձյունե թագուհին», «Վայրի կարապները», «Թագավորի նոր զգեստը», «Ծովահարսը» … Նրա հեքիաթների հիման վրա նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն և գեղարվեստական ֆիլմեր, գրվել են երաժշտական ստեղծագործություններ, և այօր էլ Անդերսենի հեքիաթները կան գրեթե յուրաքանչյուրի տանը, որտեղ մեծացել, մեծանում կամ էլ պետք է մեծանա երեխա:
 

02.04.2009, 10:21

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

,