15/04/2009 12:54
Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է
Հռչակավոր իտալացի արվեստագետ, նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գիտնական, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ, երաժիշտ և գյուտարար Լեոնարդո դա Վինչին, ծնվել է 1452 թ-ի այս օրը` Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում: Նրան անվանել են չարի ծառա, իտալացի Ֆաուստ և աստվածային հոգի:
Լեոնարդոյի ծնողները` 25-ամյա նոտար Պիերոն և Կատերինան են եղել: Նրա կյանքի առաջին տարիներն անցել են մոր հետ: Շուտով նրա հայրն ամուսնանում է հայտնի և հարուստ մի երիտասարդ աղջկա հետ, բայց, քանի որ այդ ամուսնությունը լինում է անզավակ, Պիերոն երեքամյա որդուն վերցնում է իր խնամակալության տակ: Մորից բաժանված Լեոնարդոն ողջ կյանքում փորձել է մոր կերպարը վերականգնել իր գլուխգործոցներում:
Լեոնարդոն չի ունեցել ազգանուն` դրա ժամանակակից իմաստով: «Դա Վինչի» ուղղակի նշանակում է ծնունդով Վինչի քաղաքից: Նրա իտալերեն ամբողջական անունը` Leonardo di ser Piero da Vinci, նշանակում է «Լեոնարդո` պարոն Պիերոյի որդի` Վինչիից»:
Հռչակավոր գեղանկարչի ստեղծագործական ճանապարհի սկզբի վերաբերյալ գոյություն ունի լեգենդ: Լեգենդի համաձայն` Լեոնարդոյի հորը դիմել է մի քրիստոնյա, ով նրան է հանձնել փայտե կլոր վահան և խնդրել է գտնել նկարիչ, ով ի վիճակի է նկարազարդել այդ վահանը: Պիերոն չի փորձել գտնել մասնագետ և այդ գործը հանձնարարել է որդուն: Լեոնարդոն որոշել է պատկերել «սարսափելի» մի բան: Նա իր սենյակ է բերել բազմաթիվ «մոդելներ»` օձեր, սարսափելի տեսքով խավարասերներ, և վահանի վրա նկարել է ֆանտաստիկ մի վիշապ: Ապշահար հայրը դրանից հետո որդուն ուղարկել է ուսանելու Տոսկանայի լավագույն նկարչի` Անդրեա դել Վերրոկկոյի մոտ: Այդպիսով երիտասարդ Լեոնարդոն հայտնվում է իր ժամանակների հայտնի նկարչական արվեստանոցում:
Լեոնարդոն ունեցել է շատ ընկերներ և աշակերտներ: Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, հավաստի տվյալներ այդ առումով չկան, քանի որ Լեոնարդոն թաքցնում էր իր կյանքի այդ կողմը: Որոշ տվյալների համաձայն` Լեոնարդոն կապ է ունեցել Լյուդովիկո Մորոյի սիրեցյալ` Չեչիլի Գալլերանիի հետ:
Ֆլորենցիայում Լեոնարդոն գրեթե չի նկարել: Վարպետի աջ ձեռքն անզգայանում է, բացի այդ նա դժվարությամբ էր շարժվում առանց կողմնակի օգնության: 68-ամյա Լեոնարդոն Ամբուազում ապրելու երրորդ տարին անցկացնում է անկողնում:
1519 թ-ի ապրիլի 23-ին նա կտակ է գրում, իսկ մայիսի 2-ին կնքում է մահկանացուն` իր աշակերտներով և ստեղծած գլուխգործոցներով շրջապատված: Լեոնարդոն իր վերջին հանգրվանն է գտել Ամբուազ ամրոցում:
Դեռևս կենդանության օրոք լեգենդներով շրջապատված Լեոնարդոն մարդկային մտքի անսահման ձգտումների խորհրդանիշն է: Նա հանդիսանում է Բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից:
Նշենք, որ նյութը պատրաստելիս օգտվել ենք Վիքիպեդիայից: