20/04/2009 17:04
Հայ ֆիլատելիայի դպրոցի անցած ուղին
Հայաստանի ֆիլատելիայի վերածնունդը համընկավ նորանկախ Հանրապետության կայացման ժամանակաշրջանի հետ: Ֆիլատելիայի երկրպագուներին հատկապես ուրախացնում էին ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային ու միջազգային ցուցահանդեսներին հայաստանցի ֆիլատելիստների մասնակցության առաջին արդյունքները: 1994-2003 թթ.-ին նմանատիպ 24 ցուցահանդեսներում ցուցադրվել են 25 հայաստանյան ցուցանմուշներ, որոնք արժանացել են 2 ոսկե, 6 մեծ ոսկեզօծ, 5 մեծ արծաթե, 16 արծաթե, 16 արծաթազօծ և 29 բրոնզե մեդալների:
Հայ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հայ ֆիլատելիստներն այսօր էլ մեծ աշխատանք են տանում Հայաստանում ֆիլատելիայի զարգացման ուղղությամբ:
«Առաջին և երկրորդ հանրապետությունների փոստային թողարկումները, որ սկսվել են 1919 թ.-ի կեսերից, նպաստել են Երևանում 1922 թ.-ի հուլիսին «Ֆիլանում» ընկերության կազմավորմանը, որն էլ սկիզբ է դրել մեր երկրում կազմակերպված հավաքչության ձևավորմանը: Չնայած ծավալած նշանակալի գործունեությանը ռուս և արտասահմանցի հավաքորդների հետ կապեր հաստատելու ոլորտում` այն 30-ականների կեսերին դադրեցրել է իր գործունեությունը»,- ասաց նա:
ԽՍՀՄ-ում Ֆիլատելիայի տարածումը զգալիորեն ակտիվացավ հետպատերազմյան ժամանակաշրջանում: Նախապատրաստական երկարատև աշխատանքներից հետո 1961 թ.-ի սեպտեմբերին ստեղծվեց հավաքորդների Երևանի ընկերությունը: Այն դարձավ ֆիլատելիստների համամիութենական ընկերության հիմնադիրներից մեկը և համագումարից հետո վերակազմավորվեց ՖՀԸ-Երևանի բաժանմունքի:
Բաժանմունքների հանդես գալը օրակարգում դրեց Հայաստանի հանրապետական կազմակերպության կազմավորման հարցը: 1969 թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացավ հիմնադիր կոնֆերանսը և հռչակվեց ՖՀԸ հայկական բաժանմունքի ստեղծումը, որի առաջին նախագահ ընտրվեց Հայաստանի կապի նախարարի առաջին տեղակալ Ասատուր Խարազյանը: Հայաստանի բաժանմունքը, որը գտնվում էր աղյուսակների ժողովածուի վերջին տեղում, հետագա 10 տարիներին զգալիորեն առաջ անցավ` դառնալով ՖՀԸ խոշոր կազմակերպություններից մեկը, որն ուներ 5000 անդամ:
«Հայփոստ»-ն այս օրերին ֆիլատելիստական նպատակների համար սկսում է նախկինում թողարկած` Երևանի ճարտարագիտական համալսարանին նվիրված, հայ-բուլղարական համատեղ թողարկման` Անդրանիկ Օզանյանի և Պեյո Յավորովի պատկերներով, ինչպես նաև` Տիգրան Մեծ 3-րդ նույնատիպ թողարկման 3-րդ շարքի նամականիշների վաճառքը: