16/07/2009 12:55
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 14-15-ին դիտված բարձր ջերմաստիճանը երևանցիների ստիպել էր զանազան ենթադրություններ անել` ընդհուպ մինչև 45 աստիճան սպասվող ջերմաստիճան: Նույնիսկ խոսում էին աշխատաժամերի կրճատման մասին:
Հավատացողները արդեն ծրագրեր էին կազմում ինչ անել կամ ուր փախչել:
Հայպետհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հերքեց այն խոսակցությունները, ըստ որի Երևանում հուլիս-օգոստոս ամիսներին ջերմաստիճանը բարձրանալու է մինչև 45 աստիճան:
«45 աստիճան ջերմաստիճան Հայաստանում չի դիտվել և չի դիտվում», - պնդեց նա:
Առավելագույն ջերմաստիճանը Հայաստանում դիտվել է 2006թ.-ի օգոստոսի 9-ին` 42 աստիճան:
«Առավելագույն ջերմաստիճանը Երևանում սպասվում է 38-39 աստիճան: Առանձին օրերին կդիտվի 39 աստիճան: Այսօր արդեն ջերմաստիճանը կնվազի: Երևանում անձրևներ չեն սպասվում, անձրևներ կլինեն Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում: Հայաստանում դիտվել է շատ ավելի խոնավ և ցուրտ ամառային եղանակ: Այդպիսի ամառներ 1500 անգամ եղել են», - ասաց Գագիկ Սուրենյանը:
1963 թ.-ին, 2007թ.-ին Երևանում ամռանը դիտվել է ցածր ջերմաստիճան: 2007թ.-ի հուլիսին Երևանում եղանակը ցերեկը նվազել է մինչև 25-26 աստիճան: Իսկ տեղումների քանակը հանրապետությունում կազմել է նորմայի 400-500 տոկոսը:
Ըստ Գագիկ Սուրենյանի, Հայաստանում չկա այնպիսի օրենք, ըստ որի 40 աստիճանից բարձրի դեպքում մարդիկ չպիտի աշխատեն: Նա հավելեց նաև. «Մենք օրենք չունենք, որ 40 աստիճանից բարձրի դեպքում սենյակային աշխատանքը դադարեցվի: Եթե 43-ի դեպքում ես չգամ աշխատանքի, դուք ո՞նց եք իմանալու, որ 41 է լինելու, թե՞ 55»:
«Դեռ երկու-երեք օր է շատ շոգ, բայց եղանակի հետ կապված որևէ արտառոց դեպքեր` ուշաթափություններ և այլն, չեն գրանցել: Հետո, կարծում եմ, հայաստանցիներն արդեն համակերպվել են հուլիս-օգոստոս ամիսների շոգ եղանակին. գիտեն ինչ անեն: Խորհուրդ կտամ արևի տակ երկար չմնալ, կրել գլխարկներ, շատ հեղուկներ օգտագործել, եթե հակացուցված չէ»,- ասաց շտապ բուժ օգնության օպերատիվ ծառայության պետ Ա. Պետրոսյանը: