24/07/2009 17:52
Ռոքի գերաստղերը Հայաստանում
Այն, ինչ հայտարարեց այսօր «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, կցնցի իրական ռոքի սիրահարներին և ոչ միայն:
Խոսքն այն մասին է, որ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կժամանեն «Deep Purple» ռոք խմբից Իեն Գիլլանը, «Do Something» կազմակերպության նախագահ Ջոն Դին, «Black Sabbath» խմբի աշխարհահռչակ կիթառահար Տոմի Այոմին, «Asia» խմբից` Ջեֆրի Դաունսը:
«Դժվար է այդքան աստղերի հավաքել նույն ժամանակային հատվածում, սակայն մեզ հաջողվել է գտնել այդպիսի մի պատուհան: Ես դեռևս չեմ կարող հավատալ, որ Տոնի Այոմին կգա»,- խոստովանեց Արա Թադևոսյանը:
Նա նաև նշեց, որ շարունակում են բանակցությունները «Queen» խմբի հիմնադիր անդամ Բրայան Մեյի և «Pink Floyd» խմբից Դեյվիդ Գիլմորի հետ:
Այդ շրջանում Հայաստան կժամանի նաև ավստրալիացի թենիսիստ Պատ Քեշը, ով հայտնի կիթառահար է:
«Շատ դժվար է կազմակերպել այդպիսի մի բան, երբ ներգրավված են այսպիսի աստղեր: Մենք քննարկում ենք մի քանի տարբերակ: 15 րոպե առաջ ես ստացա պաշտոնական նամակ Իեն Գիլլենի մենեջերից, որտեղ նշված է, որ Գիլլենը ցանկություն ունի մի արտասովոր պրոեկտ իրականցնել Հայաստանում, այսինքն` ներակայցնել խմբի երգերը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,- ասաց Թադևոսյանը:
Իսկ օգոստոսի վերջին ամեն ինչ ավելի հստակ կլինի: Բայց այն, որ նման աստղեր են ժամանում Հայաստան, արդեն իսկ պատվաբեր է: Այն, անշուշտ, մեծ արձագանք կգտնի աշխարհում, և աշխարհը ևս մեկ անգամ գերաստղերի միջոցով կլսի Հայաստանի մասին:
Տեղեկացնենք, որ ռոք աստղերը կայցելեն Գյումրի և Սպիտակ:
Հ.Գ. Հենց այս աստղերի մասնակցությամբ էր 20 տարի առաջ` 1989 թ.-ին, ձայնագրվել սկավառակ, որի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվել էր երկրաշարժից տուժածներին: