ARM   RUS   ENG

Երիտասարդների միջազգային օրն է

Այսօր տարբեր ազգերի ու քաղաքակրթությունների երիտասարդներին միավորում է Երիտասարդության միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր:

Երիտասարդության միջազգային օրը գալիս է շեշտելու, որ հասարակության ապագան երիտասարդների ձեռքում է և նրանց տեղեկացվածությունից ու հասարակությանը մաքսիմալ ինտեգրումից է բխում հետագա զարգացումների պատկերը:

Տեղեկացնենք, որ Երիտասարդների միջազգային օրը նշելու որոշումն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ` երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

Հայաստանը ոչ միայն նշում է Երիտասարդության միջազգային օրը, այլև մշտապես երիտասարդներին պահում է պետության ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կազմակերպվում են երիտասարդական տարբեր ու բազմաբովանդակ միջացառումներ:

Որպես երիտասարդական միջոցառումների վառ օրինակներ բավական է ներկայացնել «Բազե » համահայկական հավաքը, Համահայկական երիտասարդական համաժողովները, ինչպես նաև Համահայկական խաղերը: Այս բոլոր միջոցառումներն իրականացվում են պետության նախաձեռնությամբ ու աջակցությամբ և միտված են համախմբելու նախ և առաջ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի երիտասարդներին:

Այս միջոցառումների շրջանակներում ուշագրավ է նաև «Արի տուն» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում Սփյուռքում բնակվող հայազգի երիտասարդներին ծանոթանալու Հայաստանին և ընկերանալու այստեղ ապրող երիտասարդների հետ:

Երիտասարդների խնդիրները, նրանց ապագան բարեկեցիկ դարձնելու հարցերը կանգնած են ցանկացած պետության առաջ, որը ցանկանում է ամուր և անպարտ հասարակություն ու պետականություն ունենալ: Հենց երիտասարդներն են, որ հանդիսանում են հասարակության շարժիչ ուժը:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 13.00-ին, Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, երիտասարդության ոլորտի պատասխանատուները Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ կհանդիպեն Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև ակտիվ երիտասարդների հետ:
 

12.08.2009, 10:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |