ARM   RUS   ENG

Հատուկ դպրոցներ. Հիմա հաց կերե՞լ են, թե՞ չէ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքով սահմանվել է դպրոցների տիպերը, որոնք իրականացնում են այդ կատեգորիայի երեխաների կրթությունը: Դրանք են` լսողության, տեսողության, խոսքի, հենաշարժական օրգանների խանգարում, մտավոր հետամնաց երեխաների և հակասոցիալական վարք դրսևորած երեխաների դպրոցներ:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը, ՀՀ-ում լսողության խանգարում ունեցող երեխաների 2 դպրոց կար, որոնք անցած տարի միավորվեցին և այժմ կա մեկ կրթահամալիր Երևանում, տեսողության խանգարում ունեցող երեխաների 3 դպրոց կա` մեկը Գորիսում, 2-ը` Երևանում.

«Գորիսի դպրոցը վերակառուցման փուլում է, ամենայն հավանականությամբ, քանի որ համակազմը անընդհատ պակասում, այդ դպրոցը կարող է լուծարվել և մարզպետարանն ու նախարարությունը որոշեն, թե շինությունը ինչ նպատակների համար օգտագործեն»:

Երևանում կա խոսքի խանգարում ունեցող երեխաների մեկ դպրոց, հենաշարժական մեկ դպրոց, և մեկ հանրակրթական դպրոցի մասնաճյուղ: Մնացածն, ըստ Ն. Մանուկյանի, օժանդակ դպրոցներ են, որտեղ կազմակերպվում է մտավոր հետամնաց երեխաների կրթությունը:

«Ժամանակին դպրոցները կենտրոնացվեցին Երևանում: Դա սկսվել է խորհրդային իշխանությունների օրոք: Ավելի նպատակահարմար էր դպրոցները ստեղծել ծայրամասերում` մաքուր օդ, բնություն... Այդ տեսանկյունից էլ Նուբարաշենը Երևանին միացող նոր թաղամաս էր, ուներ ազատ տարածքներ և այնտեղ միանգամից 3 այդպիսի դպրոց ստեղծվեց: Դրանցից մեկը նախկինում մանկատուն էր, որ հետո տեղափոխվեց Կամո և Մեղրի, և այն դարձվեց Երևանի համար 1 հատուկ դպրոց, որը հետագայում վերափոխվեց Խնամքի և պաշտպանության հաստատության: Երկրորդը` թիվ 11-րդը, օժանդակ դպրոց է, մյուսը` թիվ 18ը, նախատեսված է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար»,- ասաց Ն. Մանուկյանը:

Նրա խոսքերով, հետանակախացման շրջանում Հայաստանում ոչ մի նման դպրոց չի ստեղծվել:

Ն. Մանուկյանը հայտնեց, որ ներկայումս հանրապետությունում 3-4 տարի է, ինչ շարունակվում է բարեփոխման գործընթացը` համակազմի համապատասխանեցումը դպրոցի տիպին, այսինքն` եթե դպրոցը նախատեսված է խուլերի համար, այնտեղ պետք է սովորեն միայն խուլեր: Ստեղծվել է բժշկա-հոգեբանա-մանկավարժական գնահատման կենտրոն:

«Պետք է գնահատենք ողջ համակազմը, ապա եթե երեխան չի համապատասխանում դպրոցի տիպին, նա դուրս է բերվում այնտեղից: Այդ աշխատանքն ավարտվելու է 2010թ-ին»,- հավաստեց Ն. Մանուկյանը:

Ն. Մանուկյանը նշեց, որ հատուկ դպրոցների համակազմից բացի, գնահատում իրականացվում է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում. «Երեխան կարող է սովորել հատուկ դպրոցում, կամ ներառական կրթություն իրականացնող դպրոցում: Այս տարվա խնդիրն է օժանդակ դպրոցներից հանել առողջ երեխաներին: Հնարավոր է, որ այդ երեխան միայն սոցիալական վիճակի արդյունքում է հայտնվել այդ դպրոցներում»:

«Ներառական կրթություն իրականացնող դպրոցների մեր համակարգը աշխարհում ճանաչվել է առաջավոր: Իհարկե, այն կատարյալ չէ, կան դժվարություններ, սխալներ, բայց աշխատում ենք դրանք լուծել, շտկել»,- վստահեցրեց Ն. Մանուկյանը:

Հատուկ դպրոցներում երեխաների ընդունելության կարգը փոփոխվել է: Ն. Մանուկյանի տեղեկացմամբ, ֆիզիկական արատ ունեցող երեխաների ընդունելությունը կատարվում է սովորական կարգով և գնահատման արդյունքների հիմնա վրա` երեխան գնահատվում է գնահատման կենտրոնում, վկայագրվում է նրա կարիքը, որից հետո նա գնում է համապատասխան մարզպետարանի կամ քաղաքապետարանի Երեխաների պաշտպանության բաժին, այդ եզրակացության հիման վրա ստանում է վկայագիր և ընտրում է հաստատությունը, որտեղ ուզում է սովորել: Հակասոցիալական վարք դրսևորած երեխաները ընդունվում են համայնքների հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովների եզրակացության հիման վրա:

«Նոր եկող երեխան պարտադիր վկայագրված է»,- շեշտեց նա,- «հատուկ դպրոցներում նախկինում գործող հանձնաժողովներն այլևս չեն գործում, և վկայագրով ներկայացած երեխան միանգամից ընդունվում է»:

Հատուկ դպրոցներում ծեծի, բռնությունների դեպքերի վերաբերյալ մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետը հայտարարեց.

«Մարդիկ իրենց անձնական հաշիվները կեղտոտ ճանապարհներով են լուծում: Ուզում են մեկը մյուսից վրեժ լուծել, բաներից են կպնում, որ հասարակության մեջ մեծ հնչեղություն է առաջացնում»:

Նրա խոսքերով, երբ անցած տարի հանրային հեռուստատեսությամբ տեսանյութը թողարկվեց, հաջորդ օրը նախարարությունում հանձնաժողով կազմվեց, որը գնաց այդ դպրոցը.

«Փաստարկներից ոչ մեկը չհիմնավորվեց: Մեկ օրվա ընթացքում հնարավոր չէր վատ վիճակում գտնվող դպրոցը լավ վիճակի հասցնել: Եթե երխաները վատ կյանքի են սովոր, 1 օրում, 2 օրում չես կարող փոխել»:

Ըստ Ն. Մանուկյանի, սեռական ոտնձգությունների հարցը ոստիկանության իրավասությունն է, և ոստիկանությունը քննությունից հետո հայտարարեց, թե այդպիսի բան չի եղել, իսկ կամավորները «կաշվից դուրս են գալիս», թե այդպիսի բան է եղել:

«Եթե արել է, այդ մարդը գոնե Աստծուն պատասխան կտա, իսկ եթե չի արել` անվանարկվեց, փախավ, դա շատ դաժան էր ու մյուսները պատասխան կտան: Մաքուր մարդու վրա ցեխ շպրտելը վատ բան է: Իսկ երեխաներից ինչ հարցնում ես, ասում են այո` հաց կերել ես` այո, չես կերել` այո»,- ասաց Ն. Մանուկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Նուբարաշենի թիվ 18 դպրոցի լուծարման հարցը, որ մի ժամանակ քննարկվում էր և գաղափար կար Փոքր Մհեր հաստատության հետ միավորելու, այժմ օրակարգից դուրս է և դպրոցը շարունակելու է գործել:

Հավելենք, որ հատուկ դպրոցների ֆինանսավորումն իրականացնում է պետությունը:
Հատուկ դպրոցները կառավարվում են խորհրդի կողմից, որը ընտրում է տնօրեն, վերադաս մարմինը պայմանագիր է կնքում տնօրենի հետ: Խորհուրդը 7 հոգուց բաղկացած մարմին է, որում 2-ը ծնողներ են, 2-ը` ուսուցիչներ, 3-ը` վերադաս մարմինների ներկայացուցիչներ:

Հատուկ դպրոցներում ներկայումս սովորում են շուրջ 2500 աշակերտներ, որոնց մոտ 10 տոկոսն այս տարի ավարտել է:

(Թեման` շարունակելի: aysor.am-ը կանդրադառնա թեմային` ներկայացնելով մյուս շահագրգիռ կողմերին ևս, ինչպես նաև` այս դպրոցների խնդիրները ընդհանրապես
 

19.08.2009, 19:09

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |