30/09/2009 17:22
Հ. Թոխատյան. «Միայն պահանջում ենք ու ոչինչ չենք ձեռնարկում»
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Զանգվածային լրատվության միջոցները և երեխաները» թեմայով քննարկում:
Հանդիպումը կազմակերպվել է «Արևածաղիկ» ամսաթերթի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Քննարկմանը ներկա էին հանրակրթական դպրոցի աշակերտներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակիցները:
Ողջույնի իր խոսքում Ք. Ռոչելլան ասաց, որ նույն հարցի շուրջ մանուկների և մեծահասակների մոտ բոլորովին տարբեր մոտեցումներ են առաջանում, ուստի կարևորեց ԶԼՄ-ներով հեռարձակվող մանկական հաղորդումներում հենց երեխաների ներգրավումը:
Թե ինչպե՞ս են զանգվածային լրատվամիջոցներն ազդում մանուկների ու պատանիների վրա, ի՞նչ է տալիս այսօրվա եթերը երեխաներին և նման այլ հարցերի փորձեց պատասխանել «Հույսի կամուրջ» ՀԿ անդամ Լաուրա Սիմոնյանը:
Նրա խոսքերով, սերունդ դաստիարակող հեռուստաեթերում պետք են դպրոցականներին հետաքրքրող հաղորդումներ և ոչ թե սերիալներ:
«Սակայն այդ ամենի համար պետք են ներդրումներ: Դա է պատճառը, որ գովազդատուները նախընտրում են ֆինանսավորել ռեյտինգ ունեցող սերիալները և ոչ թե մանկական հաղորդումները»,- նշեց նա:
Դերասան Հրանտ Թոխատյանը չհամաձայնեց հնչեցված այս տեսակետին, ավելին` ասաց, թե հաղորդումը պետք է պատրաստել ու պարտադիր չէ, որ ներդրում լինի:
«Կարելի է անել հաղորդման մոդելը, ցույց տալ, և եթե հեռուսատատեսության ղեկավարը գոնե մի քիչ քթի ծակ ունի, նա կընդունի: Իսկ այսօր մենք միայն պահանջում ենք ու ոչինչ չենք ձեռնարկում»,- հայտարարեց Թոխատյանը:
Ընդ որում, ըստ Թոխատյանի, սցենարը սուտ է, եթե մի ամսագրի մասին իրեն 1000 անգամ պատմեն, նա չի գնի, քանի դեռ չի տեսել գոնե մեկ օրինակ:
Հանրակրթական դպրոցների աշակերտները ևս համաձայնեցին, որ իրենք շատ հաճախ նախընտրում են դիտել սերիլաներ, միևնույն ժամանակ խոստացան այսօրվանից աշխատել Թոխատյանի առաջարկի ուղղությամբ ու իրենք էլ ներկայացնեն որոշ նախագծեր: