01/10/2009 19:22
Կարևորը լավ քաղաքացի լինելն է
Դեղին արևածաղիկներով զարդարված աթոռները հուշում են ոչ այնքան աշնան մասին, որքան «Արևածաղիկ» ամսաթերթի հերթական միջոցառման մեկնարկի:
Այսօր Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում տեղի ունեցավ «Արևածաղիկ» ամսաթերթի կազմակերպած դասընթացի 10-րդ սերնդի վկայականների հանձնման արարողությունը:
Մինչ կհանձնվեին վկայականները, ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը հավաքվածներին անականկալ մատուցեց` տեսահոլովակի տեսքով ներկայացնելով 10 տարիների ֆոտոպատմությունը:
Դասընթացի 10-րդ սերնդի մասնակիցներից Արմինե Դանիելյանը խոստովանեց, որ բավական գիտելիքներ է ստացել ոչ միայն լրագրության ոլորտում. «Անցած տարի ես ընդունվեցի «Արևածաղիկ», ինձ այնքան շատ բան տվեց, գիտելիքով, ճաշակով մեզ ապահովեցին, մթնոլորտը հրաշալի էր: Մի քանի ամիսների ընթացքում մենք այնքան բան ենք սովորել, որ մի քանի տարվա ընթացքում չէինք սովորի»:
Ծնողները ևս բարձր գանահատեցին նման դասընթացի անցկացումը. «Երեխան ամբողջ օրն այդ միջավայրով է ապրում, նա այս կամ այն խնդիրներ ունեցող մարդկանց արդեն որպես հասարակության լիարժեք անդամ է ընկալում»:
Դասընթացի մասնակիցներին վկայականները հանձնեց դասընթացի վարող Նունե Ալեքսանյանը, ով նշեց, թե դժվար է հավատալ, որ արդեն 10 տարի անցել է այն օրվանից, երբ առաջին անգամ հրատարակվեց «Արևածաղիկն» ու առաջին անգամ անցկացվեց դասընթաց:
«Այստեղ ամեն մեկը սովորում է այն, ինչի կարիքն ամենից շատ ունի, բայց կարևորն այն է, որ բոլորը սովորում են լավ քաղաքացի լինել»,- ասաց Ն. Ալեքսանյանը: