16/10/2009 20:21
Աշուղ Սայաթ-Նովայի «վերադարձը»
Քանդակագործ Թորոս Ռասքելյանը «Սայաթ- Նովայի» բրոնզաձույլ կիսանդրին կերտեց 45 տարում: Մտադիր էր ստեղծագործությունը նվիրել հայրենիքին: Գաղափարն իրագործելու համար նրան ձեռք են մեկնել Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ սփյուռքի նախարարությունը: Բրոնզաձույլ քանդակը այսօր տեղադրվեց Երևանի Սայաթ-Նովա - Խանջյան խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակին` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ Թորոս Ռասքելյանը, խոստմանը հավատարիմ, Երևանին կնվիրի ևս մի քանի գործեր:
«Ես ամեն կերպ նպաստելու եմ, որպեսզի օտար ափերում ստեղծագործող մեր արվեստագետներից յուրաքանչյուրն իր աշխատանքից գոնե մեկ օրինակ տեղադրի Երևանում»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:
Քանդակագործը, արձանը նվիրելով Երևանին, նպատակ ունի հայրենիքում առավել ճանաչելի դարձնել արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներին:
«Թորոս Ռասքելյանի բրոնզաձույլ արձանը հայ արվեստի, մշակույթի երևանյան խոսուն վկայություններից է: Ուրախ եմ, որ սփյուռքահայ մեր հայրենակցի աշխատանքներից մեկը տեղ գտավ մեր մայրաքաղաքում»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Թորոս Ռասքելյանն արմատներով Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից է, ծնունդով` Հալեպից (Սիրիա), բայց ստեղծագործական գործունեությունը ծավալել է Ֆրանսիայում: Նա 30 քանդակի հեղինակ է, որոնք տեղ են գտել աշխարհի հեղինակավոր պատկերասրահներում:
Ռասքելյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: Ի դեպ, քանդակագործը նաև Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևի` «Պատվո լեգեոն»-ի շքանշանակիր է: