ARM   RUS   ENG

«Բավական խսիտ ու տաք». դիրիժորը հիշում է հայ հանդիսատեսին

Հայազգի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանն Իսրայելի Բիր Շևա Սիմֆոնի նվագախմբի դիրիժորն է: Մինչ այդ Պապյանը հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ` Ժնևում, Մոսկվայում, Օտտավայում, Տորոնտոյում:

Այս օրերին նա Հայաստանում է «Վարդարձ» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում:

«1998թ.-ից Հայաստանում հանդես չեմ եկել, քանի որ հրավերքներ չեն եղել»,- ասաց Պապյանը: Նա նշեց, որ երեք օր առաջ է ժամանել Հայաստան և Երևան քաղաքի կեսն արդեն չի ճանաչում. «Քիչ-քիչ սկսում եմ սովորել, թե որը որտե՞ղ է գտնվում, բայց ինձ դուր է գալիս նոր Երևանը: Իհարկե, ամեն մարդ սիրում է այն քաղաքը, որն ունեցել է իր հիշողության մեջ, բայց մենք հիանում ենք գեղեցիկ քաղաքներով»:

Վահագն Պապյանը զարմացած է երևանյամ բուռն մշակութային կյանքով, իսկ հարցին, թե աշխարհառչակ ո՞ր նվագախմբի հետ համերգ կունենար Հայաստանում, պատասխանեց, որ մի լավ ու հնարավորինս էժան նվագախումբն էլ բավական է:

«Այստեղ էլ շատ լավ նվագախմբեր կան: Ես հիշում եմ հայ հանդիսատեսին, նա բավական խիստ ու տաք հանդիսատես է», - նկատեց Վահագն Պապյանը:

Իսկ հարցին թե ինչպիսի՞ համագործակցություն է սպասում Հայաստանի հետ, դիրիժորը կատակեց, թե իր կյանքը թույլ չի տալիս շատ նոր ծրագրեր կազմել, բայց հաջորդ տարի էլ եթե հրավիրեն, անպայման կգա:

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Վահագն Պապյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը:
 

23.10.2009, 16:02

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |