02/11/2009 14:57
«Երկիր»-ը վրաստանյան դատարաններից սպասելիքներ չունի
«Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը «Երկիր» միությունը գնահատում է որպես արդարադատության ծաղրանմանակում, որով վրացական արդարադատությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն լոկ վրացական իշխանությունների կցորդ կամակատար է` նրանց քաղաքական կամքը վավերացնելու նպատակով պատրաստ հլու-հնազանդ ոտնահարելու արդար դատավարության հիմնարար սկզբունքները»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Երկիր» միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը:
Միության համոզմամբ, ջավախքահայ գործչի նկատմամբ այս «խայտառակ դատավճռի վերահաստատմամբ», վրացական իշխանությունները գիտակցաբար «վերահաստատում են» ջավախքահայության հետ ոստիկանական հալածանքների լեզվով խոսելու իրենց վճռականությունը, ինչն էլ ավելի է խորացնելու Վրաստանի հայաբնակ շրջաններում վախի և օտարման մթնոլորտը:
«Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին հայտարարեց, որ Եվրոպայում և ողջ աշխարհում մեծանում է հետաքրքրությունը այս գործի նկատմամբ, իսկ Վ. Չախալյանը ճանաչվել է որպես քաղաքական ակտիվիստ:
«Ավելի մեծ ընդարձակ շարժում ենք սկսում Եվրոպայում, Հայաստանում և Վրաստանում` այս խնդիրն ավելի ագրեսիվ, ավելի նպատակային բարձրացնելու համար»,- հայտնեց Ս. Արծրունին` հավելելով, որ Վրաստանի Սահմանադրական դատարանից, Գերագույն դատարանից և այլ կառույցներից սպասելիքներ չունեն:
Նա նշեց, որ միությունը Վ. Չախալյանին աջակցելու նպատակով հանդիպումներ է անցկացնելու Հայաստանում և Վրաստանում օտարերկրյա դիվանագետների հետ, եվրոպական կառույցների հետ, հրապարակվելու են միության զեկույցը, ինչպես նաև Եվրախորհրդի զեկույցում տեղ գտած մտահոգությունները` Վրաստանում ազգային փոքրամասնությունների ճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վ. Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար` 5 և 2 տարի պայմանական ազատազրկման` 3000 և 1200 դոլար տուգանքի վճարմամբ: Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերն անցկացվել են առանց Վ. Չախալյանի մասնակցության, ով բոյկոտել է դատավարությունը` իր բողոքն արտահայտելով տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ: