ARM   RUS   ENG

ԻՏՁՄ-ն կդառնա Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հրավիրվել է դառնալ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ: Այս մասին այսօր տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտնեց ֆոնդ հայթայթման մասնագետ, հայկական պատվիրակության համակարգող Վահան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-30-ին Թբիլիսիում կայացած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` ֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և USAID/CAPS-ի օժանդակությամբ, մասնակցել է հայկական 10 ՏՀՏ ընկերություն:

Վ. Հովսեփյանը հայտնեց, որ նոյեմբերի 18-ին ԻՏՁՄ ներկայացուցիչները հրավիրվել են Մակեդոնիա, որտեղ կազմակերպությանը կներկայացնեն իրենց հնարավորությունները, կփորձեն հայկական ընկերություններին ներգրավել տարածաշրջանային զարգացումների մեջ:

«Հաշվի առնելով, որ եվրոպական կառույցներից շատերը` որպես տարածաշրջանային կենտրոն ընտրում են Վրաստանը և չեն գալիս Հայաստան, և դրա պատճառով էլ տուժում են մեր գործարար հնարավորությունները, մենք դիմեցինք Հոլանդիայի դեսպանատուն` խնդրելով հանդիպում կազմակերպել մեզ հետ, որտեղ կքննարկվեն համագործակցության հնարավորությունները»,- ասաց Վ. Հովսեփյանը:

Նա նաև նշեց, որ հայկական ընկերությունները Վրաստանում ձեռք են բերել նոր գործարար կապեր, ստացել են հետաքրքիր առաջարկություններ` համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Մի շարք ՏՀՏ ասոցիացիաների հետ համագործակցություն է հաստատել նաև ԻՏՁՄ-ն:
 

06.11.2009, 17:01

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |