16/11/2009 19:03
Կյանքից հեռացավ մեծանուն բուսաբան Արմեն Թախտաջյանը
Սույն թվականի նոյեմբերի 13-ին 99 տարեկան հասակում Սանկտ-Պետերբուրգում կյանքից հեռացավ 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկը, ԽՍՀՄ պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշանների, «Անձնվեր աշխատանքի համար» և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալների, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Վ.Կոմարովի և Ռ.Ալերտոնի անվան մրցանակների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևի՝ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվան բնագետների, Լեհաստանի և Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ Արմեն Թախտաջյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը, Արմեն Թախտաջյանը պատկանում է աշխարհի հռչակավոր բուսաբանների-էվոլուցիոնիստների համաստեղությանը: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահատը:
Շնորհիվ նրա հսկայական բազմագիտության, տաղանդի և փորձի՝ Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտության գրեթե բոլոր հիմնական ուղղություններում: Երկար տարիներ նա զբաղեցրել է ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Տեղյակ էր երկրում տեղի ունեցող բոլոր հետազոտությունների մասին, մասնակցում էր բուսաբանության ռազմավարական ուղղությունների մշակմանը: Նրա կողմից ստեղծված Բուսաբանական դպրոցը մինչ օրս շարունակում է կյանքի կոչել Թախտաջյանի գաղափարները:
Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: 1943թ-ից մինչև 1948թ-ը Արմեն Թախտաջյանը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի առաջին տնօրենն էր: Լենինգրադ տեղափոխվելուց հետո նա շարունակեց սերտորեն համագործակցել հայաստանյան բուսաբանների հետ:
Թախտաջյանի շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկը: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացան բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, անատոմիա, պալինոլոգիա, կարիոլոգիա և այլն:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ողջ գիտական հասարակայնությունը, Թախտաջյանի աշակերտներն ու հետնորդները սգում են խոշորագույն գիտնականի, հավատարիմ քաղաքացու և մեծանուն մարդու՝ Արմեն Թախտաջյանի անդառնալի կորուստը և իրենց խորին ցավակցությունն են հայտնում նրա հարազատներին և մտերիմներին: Արմեն Թախտաջյանի աճյունը հողին կհանձնվի Սանկտ-Պետերբուրգի Սմոլենսկի գերեզմանոցում: