17/11/2009 14:28
Շնորհանդես. «Հայոց պատերազմները և ռազմարվեստը»
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի առաջին և երկրորդ հատորյակների շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Հայկ Դեմոյանը իր խոսքում նշեց, որ արդեն երեք տարի է, ինչ աշխատում է «Հայոց պատերազմներ և ռազմարվեստ» մատենաշարի նյութերի վրա և քանի որ պատմական նյութը շատ է և բազմակողմանի` մատենաշարի աշխատանքներում ներառվել և ներառվելու են տարբեր մասնագետներ, քանի որ գրքում զետեղվելու են տարբեր դարաշրջանների ռազմարվեստի և զինական ուժի պատմությունը:
«Ընթերցողների դատին է հանձնում մի մատենաշար, որը կոչված է նորովի, գիտական պատշաճ մակարդակով լուսաբանելու հայոց ռազմարվեստի բազմադարյան պատմության բոլոր շրջափուլերը», - նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ավելացրեց, որ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ հայերը այլ ժողովուրդներին ստրկացնելու մոլուցքով տարված զավթողական պատրեազմ երբեք չեն սանձազերծել:
Նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանին պարտադրված պատերազմներում հայերը պաշտպանել են պատմական տարածքում արժանապատիվ ապրելու իրավունքը:
«Ավելի քան 4 հազարամյա պատմության ընթացքում հայ զինական ուժը պատվով կատարել է իր առաքելությունը` ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը և նկատեց, որ այս մատենաշարը կարևոր է նաև նրանով, որ լավագույն պատասխանն է բոլոր նրանց, առաջին հերթին հակառակորդներին, ովքեր փորձում են նենգափոխել պատմությունը, սեփական ժողովրդի կենսագրությունը գրել ի հաշիվ ուրիշ ժողովուրդների պատմության:
Նշենք, որ «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարը ներառելու է 50 հատորյակ և նախատեսված է տարբեր տարիքի ընթերցողների համար. հատորյակները ծառայելու են նաև իբրև ուղեցույց ՀՀ բանակի զինվորների ու սպաների ռազմահայրենասիրական դաստիարակության համար: