ARM   RUS   ENG

Հայ երիտասարդությունը տոնում է Ուսանողների միջազգային օրը

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողության միջազգային օր: Aysor.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք հայ երիտասարդները գիտեն, թե ինչու է Ուսանողների միջազգային օրը նշվում հենց այսօր: Փողոցում հարցմանը մասնակցածներից շատերը նույնիսկ չգիտեին տոնի մասին, թեպետ նրանցից ոմանք լսել էին նախօրեին իրենց ուղղված շնորհավորական ուղղերձները: Իսկ տոնն այս օրը նշելու պատմությունը կամ ուսանող Յան Օպլետալի մասին գիտեին շատ քչերը:

1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս եկան փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման հերթական տարին, սակայն խաղաղ ցույցը ցրվեց զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվեց բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորման արարողությունը վերածվեց բողոքի ակցիայի:

Նույն թվականի նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատեցին ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանողներ ձերբակալվեցին և ուղղարկվեցին Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Հիտլերի հրամանով բոլոր չեխական բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը: Ահա, այս պատմական իրողությամբ է պայմանավորված այսօրվա տոնը:

Նշենք, որ այս տարի Ուսանողների միջազգային օրը համընկավ Հայաստանի Հանրապետության ՄԱՅՐ ԲՈՒՀԻ` Երևանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի հետ:
 

17.11.2009, 09:58

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |