ARM   RUS   ENG

Մյունխենում «որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի»

«Հայ-թուրքական հարաբերությունների այս խճճված իրավիճակը ստեղծելով` իշխանությունները հիմա ստիպված են դիմագրավել Ղարաբաղյան հարցում այն ճնշումներին, որոնք կատարվում են Թուրքիայի կողմից և Թուրքիայի միջնորդությամբ` այլ կառույցների կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

Ա. Նռանյանի խոսքերով, «իշխանությունը հասկանում է, որ որևէ հարց Ղարաբաղյան հարցում չի կարող լուծվել, որովհետև այն միանգամից դիտվելու է` որպես Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների կատարում»: Փոխարենը, ըստ նրա, փորձ է կատարվելու «պահել այն դիրքերը, որոնք նախկինում եղել են»:

Պատգամավորի համոզմամբ` հանդիպման ժամանակ որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «այս պարտությունները, որ իշխանություններն ունենում են արտաքին քաղաքականության մեջ, մեկ անգամ ևս ապացուցում են, որ մենք պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքականության ոգին և մեր ժողովրդի տրամադրությունները»:

«Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները մենք պետք է վարենք փաստացի գոյություն ունեցող սահմաններով և ուժերի ռեալ հավասարության պայմաններում»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Նռանյանը:
 

20.11.2009, 17:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |