ARM   RUS   ENG

Հոգեբան. «Թուրքը մնում է թուրք»

Եթե Եվրոպայում բնակվող թուրքերը չեն կարող հանդուրժողականություն դրսևորել, ապա դա առավել ևս չի կարելի սպասել իր երկրում ապրող թուրքից: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ արտահայտեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի Նենսի քաղաքի թուրք դպրոցական Մուստաֆա Դողանի հետ կապված պատմությունը:

Նշենք, որ հիշյալ դպրոցականը լկտիաբար մերժել էր Հայոց ցեղասպանության փաստը` ասելով. «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»:

Դպրոցի տնօրինությունը` որպես պատիժ, դպրոցականին հանձնարարել էր տնային աշխատանք կատարել` Հայոց ցեղասպանության եղելության վերաբերյալ` սպառնալով հեռացնել դպրոցից: Մուստաֆան, իր ծնողների ու ֆրանսիայում գործող թուրքական մի ՀԿ-ի խրախուսմամբ, սկզբում հրաժարվել էր կատարել այդ հանձնարարությունը, բայց, ի վերջո, գրավոր ներողություն է խնդրել:

Դ. Ջամալյանը գտնում է, որ թեև այդ քայլին աշակերտը գնացել է պարտադրաբար, այնուամենայնիվ, նրա նկատմամբ դրսևորված պարտադրանքը շատ կարևոր է Եվրոպայում բնակվող թուրքերի մեջ հանդուրժողականության սերմանելու համար:

Ըստ բանախոսի, թուրքերը, բնակվելով իրենց երկրից դուրս, ի տարբերություն այլ ազգերի, պահպանում են ոչ միայն իրենց ավանդույթները, այլև՝ կարծրատիպերը, որոնք ժամանակի ընթացքում չեն փոփոխվում: Նա նշեց, որ եվրոպական երկրներում բնակվող թուրք երիտասարդների մեծ մասը հակված է մտնելու ազգայնական խմբավորումների շարքերը` անհանդուրժողականություն դրսևորելով ցանկացած այլ ազգերի նկատմամբ:

«Թուրքը մնում է թուրք, լինի նա իր երկրում, թե` Եվրոպայում»,- շեշտեց հոգեբանը` նշելով, որ ներկայումս հանդուրժողականության մթնոլորտում միավորվող Եվրոպայում այդպիսի դրսևորումները թեև խորթ են, այնուամենայնիվ, դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի այնտեղ բնակվող թուրքերը հարմարվեն եվրոպական իրականությանը:

23.11.2009, 16:34

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |