ARM   RUS   ENG

Տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդմանը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը մենք բարձր ենք գնահատում: Միևնույն ժամանակ ցանկանում ենք, որ տնտեսական հարաբերությունները խորանան և ընդլայնվեն: Համոզված եմ, որ դրա համար մեծ ներուժ կա»:

Դեսպանն, իր հերթին, կառավարության ղեկավարին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները և բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը: Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին: Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաև բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու երկու պետությունների փորձառությանը:

ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
 

27.11.2009, 12:57

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |