ARM   RUS   ENG

«Հայկական կողմը պետք է դադարեցներ բանակցությունները»

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը: Բանախոսն ուշադրություն հրավիրեց այդ հայտարարությունից հետո բանակցային գործընթացի և նրա շուրջ պաշտոնական Երևանի արված հայտարարություների վրա:

Կուսակցության ղեկավարը հիշեցրեց, որ հայկական կողմը պնդում է, թե բանակցությունների ժամանակ խոսվում է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, քանի որ Մադրիդյան սկզբունքների մյուս բազային սկզբունքները համաձայնեցված են: Ըստ բանախոսի, դա կարող է նշանակել, որ հայկական կողմը համաձայն է, որ պետք է տարածքներ զիջի:

«Եթե դա այդպես չէ, ապա Ալիևի հայտարարությունից հետո հայկական կողմը պետք է դադարեցներ բանակցությունները և դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին` դատապարտելու խնդրանքով»,- նշեց Ա.Սարգսյանը: Նրա կարծիքով, Հայաստանի նախագահի նստավայրից Ալիևի հայտարարությանը հաջորդած այն պատասխանը, թե ռազմական գործողութունների վերսկսման դեպքում կճանաչվի ԼՂՀ անկախությունը, համարժեք չի կարող համարվել:

Հիշեցնելով, որ մինչ օրս գոյություն ունի Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշումը, բանախոսը նշեց, որ ճանաչումը պետք է տեղի ունենար ավելի վաղ, այն էլ` երկու քայլով:

«Մինչև կարգավիճակի մասին բանակցություները` համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության և միջազգային իրավունքի, պետք է ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանից, որից հետո ճանաչվեր ԼՂՀ անկախությունը` ըստ հանրաքվեի արդյունքների»,- մանրամասնեց նա և հավելեց, որ առայսօր ՀՀ երեք իշխանությունները չկարողացան միջազգային հանրությանը նույնիսկ պատշաչ ձևով ներկայացնել հարցի էությունը և համարժեք հակահարված տալ Բաքվի հակահայկական պրոպագանդային` թե այս, և թե այլ հարցերում:

«Մենք մեր ամոթխած պահվածքով, կարծես, իրոք ագրեսոր լինենք, այնինչ պետք է ցույց տանք, որ ներկա իրավիճակը պատերազմի հետևանք է: Մենք չպետք է զիջենք ոչ մի շրջան ոչ միայն այն պատճատով, որ դրանք Արցախի ժողովրդի անվտանգության գոտին են, այլ նաև` որ դրանք փոխհատուցումն են այն մոտ 500 հազար փախստական հայերի, որոնց բռնի վտարել է ադրբեջանական կողմը»,- նշեց Ա.Սարգսյանը:

Ըստ բանախոսի, հայկական կողմը պետք է առավել հստակեցնի իր դիրքորոշումը բանակցային գործընթացում և սեղանին դնի խնդրի կարգավորման իր սկզբունքները: Ա.Սարգսյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած և մի քանի այլ կուսակցություններ ՀՀ նախագահի աշխատակազմին արդեն ներկայացրել են կարգավորման սկզբունքների իրենց փաթեթը, որը նրանք «Երևանյան սկզբունքներ» են անվանել:

Նա նաև ցավով հայտնեց, որ մինչ օրս նախագահական նստավայրից ոչ մի պատասխան դեռ չեն ստացել, թեև փաստաթղթերը հանձնվել են պաշտոնապես:
 

27.11.2009, 15:44

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |