30/11/2009 19:51
Նազիկ Ավդալյան. «Կարող էի բարձրացնել 155 կիլոգրամ»
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին դժվար էր «բերման ենթարկել»: «Զվարթնոց» օդանավակայանում նա անընդհատ հայտնվում էր իր մտերիմների ու հարազատների շրջանում, և պարզապես հնարավոր չէր ճեղքել նրան շնորհավորել ցանկացողների շղթան` հարցազրույցի հրավիրելու համար: Ստիպված եղա դիմել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի օգնությանը...
- Նազիկ, սպասո՞ւմ էիք այսպիսի ընդունելության:
- Անկեղծ ասած` այո: Արդեն տեղյակ էի, թե ինչպիսի խանդավառություն կա հայ մարզասերների շրջանում, գիտեի, որ հարազատներս նույնպես գալու են օդանավակայան: Ինձ համար շատ հաճելի է, ես նույնիսկ հոգնածություն չեմ զգում, չնայած գիշերը վաղուց է կիսվել…
- Թույլ տվեք օգտվել Ձեր թարմությունից և մտովի վերադառնալ Հարավային Կորեա, Ձեզ հետ միասին վերապրել հաղթանակի զգացողությունը:
- Ճիշտը կասեմ. աշխարհի առաջնությունից առաջ հոգեբանորեն դեռ պատրաստ չէի չեմպիոնության: Շատ լավ ուսումնամարզական հավաք էինք անցկացրել, գերազանց մարզավիճակում էի, բայց, միևնույն է, ինձ չեմպիոնի կարգավիճակում չէի պատկերացնում: Այդ հաճելի զգացողությունն ապրեցի միայն մրցումների ընթացքում` տեսնելով, թե ինչպիսին են մրցակիցների արդյունքները: Հասկացա, որ կարող եմ պայքարել չեմպիոնության համար: Երբ դահլիճում նախավարժանք էի անում, զգացումներս շատ էին: Բայց կարողացա արագ հանգստացնել ինքս ինձ: Եթե նախորդ առաջնություններում մտածում էի անպայման հաղթելու և չեմպիոն դառնալու մասին, այս անգամ այլ կերպ էի տրամադրված: Խնդիր էի դրել բարձրացնել պատվիրած քաշը և ուրիշ ոչնչի մասին չմտածել:
- Պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ կարողացաք ծանրաձողը պահել գլխավերևում, սակայն այն չհաշվեցին: Թվաց, թե հոգեբանական խնդիր կառաջանա…
- Տրամաբանական էր, որ երկրորդ մոտեցումս չեն հաշվի, քանի որ արմունկի խաղ նկատվեց: Դա ես էլ զգացի, ուստի մի փոքր երկար մնացի կքանստած վիճակում: Ինձ համար, ընդհակառակը, զարմանալի կլիներ, որ այդ մոտեցումը հաշվեին, ուստի նման դիրքորոշումն ինձ ընդհանրապես չհուսահատեցրեց: Եվ երբ մարզիչն ասաց, որ որոշել են չհաշվել, ես հանգստացրեցի նրան` ասելով, որ, միևնույն է, կարողանալու եմ բարձրացնել այդ քաշը ու հաղթել: Ոչ մի կասկած չունեի, որ դա իմ հնարավորությունների սահմաններում է:
- Հրում վարժությունում միանգամից շատ բարձր քաշ պատվիրեցիք: Ռիսկը հաղթանակի կե՞սն է:
- Ոչ, ես դրանում ռիսկի գործոն չեմ տեսնում: Անկեղծ ասած` որոշել էի սկսել 145 կգ քաշից: Դրա անհրաժեշտությունը, սակայն, չզգացվեց, և ես առաջին մոտեցման ժամանակ պատվիրեցի 141 կգ: Ցուցադրեցի, որ դժվարությամբ եմ հաղթահարում այդ քաշը: Նպատակ ունեի ապակողմնորոշել մրցակիցներիս, ցույց տալ, որ դա իմ հնարավորությունների առավելագույնն է: Ուստի Օքսանա Սլիվենկոն պատվիրեց 150 կգ, որպեսզի կարողանա հաղթել ինձ: Ես նույնպես 150 կգ պատվիրեցի: Ռուս մարզուհին, սակայն, զգաց, որ չի կարողանա բարձրացնել ծանրաձողը, ուստի փոխեց իր նախնական պատվերը և մոտեցավ 146 կիլոգրամանոց ծանրաձողին: Իսկ ես, ընդհակառակը, պատվիրեցի 147 կգ: Եթե նկատել եք, այն ավելի հեշտ բարձրացրեցի, քան 141 կիլոգրամը:
- Այլ կերպ ասած` դա հնարավորություններիդ սահմանագի՞ծը չէր:
- Իհարկե, ոչ: Կարող էի ավելի բարձր քաշ պատվիրել:
- Իսկ եթե Օքսանա Սլիվենկոն մոտենար 150 կգ-ին…
- Այդ դեպքում ավելին կպատվիրեի և, միևնույն է, կբարձրացնեի ծանրաձողը:
- Մարզումների ժամանակ ինչպիսի՞ն էր Ձեր ցուցանիշը հրում վարժությունում:
- Պարապմունքների ընթացքում 155 կգ եմ բարձրացրել, ուստի պատրաստ էի Սլիվենկոյի հետ մրցակցությունում օգտագործել ողջ ունակություններս: Բայց, ինչպես տեսաք, դրա կարիքը չեղավ: Ինչ վերաբերում է պոկում վարժությանը, հավաքի ընթացքում հաղթահարել էի 123 կգ-ի սահմանագիծը:
- Որոշել եք փոխե՞լ քաշային կարգը:
- Այո, ուզում եմ փոխել: Ես կտեղափոխվեմ 75 կգ քաշային կարգ, Մելինե Դալուզյանը` 69, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը` 75+: Եթե չստացվի, մյուս մրցաշարին նույնպես կմասնակցեմ 69 կգ քաշային կարգում:
- Արդեն դժվարությա՞մբ եք տեղավորվում այդ քաշային կարգում:
- Այո: Հիմա դժվարությամբ եմ ազատվում ավելորդ քաշից: Գիրանում եմ մինչև 75-76 կգ, իսկ երբ սկսում եմ քաշ գցել, ոտքերս թուլանում են…
- Ձեր մայրիկն ասում է, որ իրեն խորհուրդ եք տվել հեռուստատեսությամբ չհետևել Ձեր ելույթներին:
- Չէ, ես խորհուրդ չեմ տվել, Եվրոպայի առաջնությունից հետո ինքն է այդպես որոշել (ծիծաղում է,- խմբ.):