04/12/2009 10:12
2010 թ. փետրվարին կշահագործվի «Հախում» ՓՀԷԿ-ը
ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի վարչական տարածքում Հախում ջրամբարի և գյուղի մայր ջրանցքի ոռոգման համակարգի վրա կառուցվում է համանուն փոքր հիդրոէլեկտրակայան: Նախագծի հեղինակն է «Վիցի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Ինչպես Aysor-ին հայտնեց ընկերության փոխտնօրեն Արմեն Մելքոնյանը, կայանի դրվածքային հզորությունը 640 Կվտ է, այն աշխատելու է սեզոնային բնույթով` տարվա 7 ամիսը. «Ոռոգման ժամանակաշրջանի ընթացքում չենք աշխատելու»: ՓՀԷԿ-ն արտադրելու է 2.35 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ առաքվելու է Հայաստանի էլեկտրացանցերին: Նախագծի իրականացման արդյունքում կստեղծվի 5 աշխատատեղ:
«Շինարարական աշխատանքները ավարտման փուլում են, նախագիծը տրված է բնապահպանական և տեխնիկական փորձաքննության, որոնց եզրակացությունները մինչև տարվա վերջ կլինեն: Հաջորդ տարի փետրվարին կարող ենք նույնիսկ ցանց մտնել»,- ասաց Ա. Մելքոնյանը`նշելով, որ նախագծի իրականացման համար ներդրվել է մոտ 352 հզ. դոլար:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՕԱԿ փորձագետ Լաուրա Բալայանը մեզ տեղեկացրեց, որ «Հախում» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումները կայացել են և բնապահպանական առումով խնդիրներ չկան:
Նշենք, որ Հախում գետի վրա 2005 թ-ից գործում է Ծաղկավան ՓՀԷԿ-ը` 1400 Կվտ դրվածքային հզորությամբ, որից 2 կմ խողովակաշար է կառուցվել գետի հունին զուգահեռ և ՓՀԷԿ-ի օգտագործած ջուրը օգատգործելու է նաև ներկայումս կառուցվող մեկ այլ ՓՀԷԿ: