04/02/2010 14:23
Չախալյանի բանտախցում պայմաններն «անտանելի ու ահավոր են»
«Բանտում պայմաններն անտանելի ու ահավոր են, չկա որևէ լրատվություն, որևէ ինֆորմացիոն աղբյուր: Նա ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից, միակ կապը, ինֆորմացիայի միակ աղբյուրը ես եմ, չկա սովորական ժամացույց, ռադիոն միայն մեկ հաճախականության վրա է դրված, այն էլ միալար վրացական ծրագրեր է հեռարձակում», - այս իրավիճակը Վրաստանի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն է արձանագրել իր պաշտպանյալի բանտախցում:
Նրա խոսքով, անգամ փաստաբանի առջև փակվում են բոլոր դռները, թույլ չեն տալիս մուտք գործել բանտ:
Ոսկանյանը վստահ է, որ Չախալյանի` 10 տարի ազատազարկումը զուտ այն պատճառով է, որ իր պատիժը կրի խիստ ռեժիմի բանտային պայմաններում, քանի որ վրացական օրենսդրության համաձայն` 10 տարի և ավելի դատապարտվածներն իրենց պատիժը կրում են առանձնահատուկ խիստ պայմաններում:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008-ի հուլիսի 21-ին` քաղաքական անհանդուրժողականության, ապօրինի զենք պահելու մի շարք այլ մեղադրանքներով, մեկ տարի անց առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի ազատազրկման, ընդ որում, 10 տարին մի քանի մեղադրանքների պատիժների համագումարն է: