ARM   RUS   ENG

2010 թ. Ֆ. Ջեսափի անվան դատախաղը եզրափակվեց

ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում` Կարմիր դահլիճում, նախօրեին եզրափակվեց «2010 թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան 10-րդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև ՀՀ Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում` մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար։

Մրցույթի այս տարվա թեման վերաբերում էր ինքնորոշման իրավունքին և պետության տնտեսական ռեսուրսները պահպանելուն ուղղված միջոցառումների օրինականությանը:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ բուհերի իրավաբանական ֆակուլտետները ներկայացնող թիմեր, որոնցից մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին հինգը՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող թիմերը։

Եզրափակիչ մրցափուլի ավարտին հաջորդեց մրցանակաբաշխությունը։

«2010 թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող թիմը: Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը։

Լավագույն գրավոր աշխատանք ճանաչվեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը` գրավոր մրցափուլի արդյունքներով:

Լավագույն բանախոս ճանաչվեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի թիմի անդամ Գայանե Մակարյանը:

Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող և պատվավոր երկրորդ տեղը գրաված թիմերին և լավագույն բանախոսին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:

Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը 2010 թ. մարտի 21-27-ը կմասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք «2010 թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959 թ-ից` աշխարհի շուրջ 90 երկրներում: Մրցույթը կրում է Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը և իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթ աշխարհում, որն անցկացվում է դատախաղի տեսքով: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի մոտ 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ:
 

08.02.2010, 13:12

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: