ARM   RUS   ENG

Գ. Ամալյան. «Ինչ չէինք ուզի, որ տեսնեին մեր երեխաները»

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ասուլիսում պարզաբանեց, որ չափորոշիչները ոչ թե թույլատրում կամ արգելում են, այլ` ըստ օրվա ժամանակի սահմանափակումներ են մտցնում և այն, ինչ չի կարելի ցուցադրել մինչև ժամը 24:00-ը, կարելի է ցուցադրել դրանից հետո:

«Մեր մոտեցումը եղել է հետևյալը` ինչ չէինք ուզի, որ տեսնեին մեր երեխաները: Հիմնական խնդիրն անչափահասների պաշտպանությունն է եթերում»,- ասաց Գ. Ամալյանը:

Նրա խոսքով, շատ հեռուստասերիալներում բացառապես հայկական իրողությունից դուրս աշխարհ է ցուցադրվում, ու թեև բոլորս գիտենք, որ դա ստեղծագործական մոտեցում է և իրողությունը չի, բայց երեխաները շատ լուրջ են ընկալում, թե այսպիսին է այն արտաքին աշխարհը, որի մեջ իրենք ապրում են, սկսում են աշխարհի հետ իրենց հարաբերությունները վարել ու ճշտել խաղի այդ կանոններով:

«Հայտնի՞ են Ձեզ դեպքերը դպրոցներում, թե ինչպես են դեռահասները հարաբերություններ լուծում, ո՞ր սկզբունքներով»,- իր հերթին հարցադրում արեց Գ. Ամալյանը և հիշեցրեց, որ չափորոշիչների կիրառումն ԱՄՆ-ում սկսվեց նրանից հետո, երբ արյունոտ սերիալների ազդեցության տակ անչափահասը նույն սերիալի բառերը գոչելով սպանել էր իր համադասարանցիներին:

Այն հարցին, թե ո՞վ պետք է որոշի, թե պատմական իրողությունները խեղաթյուրված են ներկայացվում, թե` ոչ, ՀՌԱՀ նախագահը պատասխանեց, որ դա պետք է որոշի հանձնաժողովը, իսկ սուբյեկտիվության խնդիրը լուծվում է կոլեգիալության հիմքի վրա. «Չափորփոշիչները ո՛չ ծայրահեղական են, ո՛չ վախվորած»:

09.02.2010, 15:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |