ARM   RUS   ENG

ԿԳ նախարար. Ուսանողությունը չի օգտվում իր իրավունքներից

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր պետական և ոչ պետական բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է փորձել խոսել «մաքսիմալ բաց»:

Աշոտյանի համար, առաջին հուզող խնդիրը տեղի ունեցող բարեփոխումների հանդեպ ուսանողության վերաբերմունքն է:

«Այն ամենը, ինչ կատարվում է բարձրագույն դպրոցում վերջին տարիներին, սա մի բլոկ է, որը ձեզ հուզելու է: Այստեղ, մեր մոտեցումը հետևյալն է. Բոլոնիայի տրամաբանությունն այն է, որ նախկինում գործող ուսումնական կրթական համակարգը պետք է վերափոխվի դեպի ուսանողակենտրոնություն, ուսանողը կրթական գործընթացի սուբյեկտ է, որն իրավահավասար է, իր լուրջ մասնակցությունը պետք է ունենա բոլոր խնդիրներում»,- նշեց ԿԳ նախարարը:

Նա հավաստիացրեց, որ իրեն քաջ հայտի են ուսանողության խնդիրները, դրանց մեծ մասն, ըստ Աշոտյանի, ավանդական, ժառանգական են:

«Բուհը նախ և առաջ կրթություն տալու համար է, և այդ կրթությունն ուսանողակենտրոն պետք է լինի: Մենք ունենք բավականին լավ օրենսդրություն` ի նպաստ ուսանողների, ՀՀ-ն Եվրոպայում բավական առաջատար դիրքերում է: Մեր ուսանողության իրավունքներն օրենքով ֆիքսված շատ ավելի մեծ են, քան Եվրոպական երկրներում»,- ասաց նախարարը` զարմանալով, թե ինչո՞ւ մեր ուսանողները չեն օգտվում օրենքով իրենց ընձեռված իրավունքներից:

Այսպես, ուսանողներին են պատկանում բուհական բոլոր կառավարման մարմիններում ձայների 25 տոկոսը, ուսանողությունը որպես ապագային նայող խավ ըստ նախարարի, պետք է աջակցի պետությանը, որպեսզի փորձենք բուհական համակարգում բեկումնային բարեփոխումներ անել: Աշոտյանի համոզմամբ` ուսանողները պետք է լինեն բարեփոխումների մեջ, ռեկտորների, բուհերի, պետության գործընկերը:

«Ցավոք, դուք լիարժեք չեք օգտագործում ձեր իրավունքները: Հայտնի են դեպքեր, երբ ռեկտորները փոխել են իրենց ուսանողական կազմերը` առանց ուսանողության հետ համաձայնության, սակայն ուսանողնության կողմից որևէ դժգոհություն չի եղել»,- ներկայացրեց ԿԳ նախարարը:

Աշոտյանը վստահ է, որ առանց ուսանողության` որևէ լուրջ բարեփոխում մեր կրթական համակարգում հնարավոր չէ անել, ավելին` այստեղ որակի հսկողության տեսակետից ուսանողները պետք է լինեն առաջին վերահսկողը:

«Եթե դուք գնում ենք ապրանք, ապա պահանջեք որակ: Պետք է հասնենք նրան, որպեսզի ուսանողությունը դառնա կրթական բարեփոխումների շոգեքարշը»,- ասաց նախարարը` խորհուրդ տալով ներկա ուսանողներին օգտագործել այն հանգամանքը, որ իրենք ունեն բազմաթիվ ընկերներ` սկսած ԿԳ նախարարից վերջացրած պատգամավորներից:
 

09.02.2010, 17:06

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |