Հայաստան-Բրիտանիա երկկողմ հարաբերությունների ամփոփ գնահատական
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների ամփոփ գնահատականը.
«Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 31-ին: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 20-ին:
Երկկողմ ձևաչափով վերջին անգամ ՀՀ Նախագահի այցը Մեծ Բրիտանիա տեղի է ունեցել 1995 թ-ին:
Հատկապես վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական շփումներում նկատելի է որոշակի ակտիվություն, այդ թվում նաև` արտգործնախարարությունների միջև սկիզբ առած խորհրդակցությունների միջոցով: Երկկողմ հարաբերությունների ընդհանուր զարգացման, համագործակցության ոլորտների ընդլայնման, ինչպես նաև եվրոպական կառույցներում Հայաստանի ակտիվ ներգրավման շնորհիվ փոփոխություն է կրել նաև օրակարգի էությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թ. մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցած` Եվրամիության Արևելյան գործընկերության անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի շուրջ:
Քաղաքական երկխոսությունը լրացրել են Հայաստանում իրականացված և ընթացող բրիտանական աջակցության ու զարգացման ծրագրերը, ակտիվ մշակութային ու կրթական կապերը, ռազմական ոլորտի համագործակցությունը, բրիտանական ներդրումները: Հայաստանում գործում են բրիտանական կապիտալով ավելի քան 20 ընկերություններ և համատեղ ձեռնարկություններ: Վերջիններիս շարքում հարկ է առանձնացնել HSBC բանկի` արդեն տևական ներկայությունը մեր երկրում: Բրիտանական խոշոր ներդրումներից են նաև «Glaxo Wellcome» դեղագործական ընկերությունը, «Bulvinos Chemicals» ՓԲԸ-ն, «Bristol-Myers Squibb» ընկերությունը, «Sirus» հայ-բրիտանական համատեղ ընկերությունը, «London Yerevan Insurance Company» ապահովագրական ընկերությունը, աշխարհի 5 խոշորագույն աուդիտորական գրասենյակներից մեկի` KPMG-ի գրասենյակը, որը Երևանում գործում է 1997 թ-ից: Բրիտանական BMI ավիաընկերությունը հաջողությամբ ներկայացված է ավիացիոն փոխադրումների բնագավառում, և Երևանի ու Լոնդոնի միջև ուղիղ չվերթի առկայությունը նպաստում է երկկողմ շփումներին:
Հայաստանի և Միացյալ Թագավորության տնտեսական համագործակցությունը, սակայն, դեռևս չի արտացոլում երկու երկրների միջև համագործակցության առկա ներուժը: Առևտրատնտեսական ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման տեսանկյունից կարևոր էր 2009 թ. նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում կայացած WTM /World Travel Market/ զբոսաշրջության միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցեցին ՀՀ զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը և զբոսաշրջության բնագավառում հայտնի մի շարք հայկական ընկերություններ: Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցեց նաև ԼՂ պատվիրակությունը:
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ստորագրված է 12 համաձայնագիր:
Միջխորհրդարանական համագործակցություն
1992 թ. ի վեր ՄԹ խորհրդարանում գործում է Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Անցած տարիների ընթացքում խումբը կազմակերպել է տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելություններ:
Հայաստանի և ՄԹ միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացում նշանակալի դեր ունի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նա հայ-բրիտանական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա մարդասիրական գործունեության համար 2005 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ 2009 թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Քերոլայն Քոքսը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` 2009 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:
2007 թ. հոկտեմբերի 15-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հանդիսավոր կերպով նշվեց Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (ԲՀՀԽԽ) հիմնադրման 15-ամյակը: Հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի համահիմնադիր Օդեթ Բազիլը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով:
2008 թ. փետրվարի 27-ին ՀՀ դեսպանությունը և Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը (BAAPPG) ՄԹ խորհրդարանի Լորդերի պալատում կազմակերպեց սումգայիթյան ողբերգության 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` «Սումգայիթյան ջարդերի 20 տարին. անհանդուրժողականությունը և բռնությունը որպես պետական քաղաքականություն» խորագրով:
2009 թ. մայիսի 8-ին ՄԹ Լորդերի պալատում տեղի ունեցավ Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի և ՀՀ դեսպանության կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը. միջազգային ճանաչումը և ներկայիս մարտահրավերները» խորագրով խորհրդաժողովը, որին հրավիրված էին ՄԹ կառավարական գերատեսչությունների, ՄԹ-ում հավատարմագրված դեսպանությունների, հասարակական կազմակերպությունների և ՄԹ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միացյալ Թագավորությունում գործում է Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողով, որն ամեն տարի տասնյակ միջոցառումներ է կազմակերպում Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում:
2008 թ. մայիսի 7-ին ՄԹ Համայնքների պալատում տեղի ունեցավ Բրիտանահայկական խորհրդարանական համակուսակցական խմբի և ՀՀ դեսպանության կազմակերպած` «Հայոց ցեղասպանությունը. ճշմարտություն և քաղաքականություն» խորագրով խորհրդաժողովը:
2009 թ. նոյեմբերի 3-ին, ՄԹ Հայկական կենտրոնի պատվերով, «Doughty Street Chambers» իրավաբանական պալատի հիմնադիր ղեկավար, Սիերա-Լիոնեում ՄԱԿ-ի պատերազմի հանցանքների դատարանի առաջին նախագահ Ջեֆրի Ռոբերթսոնը, ով հանդիսանում է ՄԹ հեղինակավոր իրավաբաններից մեկը և «Թագուհու խորհրդականի» տիտղոսակիր է, հրապարակեց «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» խորագրով զեկույցը: Զեկույցի պատրաստման համար Ջ. Ռոբերթսոնը օգտագործել է ՄԹ կառավարության (հիմնականում, արտաքին գերատեսչության) արխիվային նյութեր և փաստաթղթեր: Նա իր հայտնաբերած փաստերն ու սեփական դատողությունները ներկայացրել է լիակատար անկողմնակալությամբ` զերծ մնալով ավելորդ հուզականությունից և կարևորելով բացառապես հարցի իրավական կողմը: Իր զեկույցում Ռոբերթսոնը 1915 թ. իրադարձությունները հստակ բնորոշել է որպես ցեղասպանություն` հենվելով պատմական և իրավական հիմքերի վրա, հղումներ է արել բազմաթիվ աղբյուրների, հստակեցրել մերժողական փաստարկների հակափաստարկները:
Երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում
Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարությունը (ՄԹ ՄԶՆ) իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1997 թ-ին: Այս ժամանակահատվածում ՄԹ-ի աջակցությունը Հայաստանին նպատակաուղղված է եղել կառավարման և ինստիտուցիոնալ համակարգի բարելավմանը` աղքատության նվազեցման և այս սկզբունքի հիման վրա կայուն զարգացման ապահովման նպատակով:
ՄԶՆ-ն Հայաստանում իր աշխատանքը ծավալել է ազգային մակարդակով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում` ՀՀ կառավարությանն աջակցելով Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում: 2003-2007 թթ. ժամանակահատվածում ՄԶՆ-ն հատուկ շեշտադրել է հանրային ոլորտի բարեփոխումների, հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների և մարզային զարգացման ոլորտները: Աղքատության նվազեցման համար վճռորոշ նշանակություն ունեցող նշված բոլոր երեք ոլորտներում ծավալված աշխատանքի հիմքում ընկած է արդյունավետ կառավարումը:
Ռազմական համագործակցություն
Ռազմական բնագավառում հայ-բրիտանական հարաբերությունները նոր լիցք ստացան 2004 թ. սեպտեմբերի 24-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում կապերի և համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո:
Միացյալ Թագավորության հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է հիմնականում ռազմաուսումնական բնագավառում` BMATT (British Military Advising and Training Team) ծրագրի շրջանակներում: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են ՄԹ կողմից Չեխիայում /Վիշկով/ կազմակերպվող խաղաղապահ գործողությունների հրահանգիչների, հրամանատարության և ղեկավարման հրահանգիչների և կրտսեր շտաբային սպաների դասընթաց-վարժանքներին, բրիտանական Յորք քաղաքում կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացներին: Իր հերթին, BMATT մասնագետները դասընթացներ են վարում ՀՀ ռազմական ինստիտուտում:
Բրիտանական խորհրդատուները աջակցություն են ցուցաբերել նաև ՀՀ անվտանգության դոկտրինի մշակման գործընթացում:
Մշակույթ և կրթություն
Մշակույթն ու կրթությունը հանդիսանում են այն կարևոր և արդյունավետ լծակները, որոնց շնորհիվ ընդլայնվում են հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները:
Մշակութային և կրթական ծրագրեր իրականացնող Բրիտանական խորհրդի գրասենյակը Երևանում բացվել է 2001 թ-ին, սակայն կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել Հայաստանում 1997 թ-ից:
Մշակութային համագործակցության առումով նշանակալի իրադարձություն էր 2001 թ. մարտի 3-ին Բրիտանական գրադարանում «Տապանի գանձեր» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Լոնդոն այցելեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բրիտանական կողմից մասնակցում էր ՄԹ պետքարտուղար Ռոբին Կուկը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
2005 թ. փետրվարի 11-17-ը Լոնդոնում մեծ հաջողությամբ անցավ «Վերադարձ դեպի ավետյաց երկիր» հայկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը ՀՀ դեսպանության հովանավորությամբ կազմակերպվել էր կինոգետներ Նորա Արմանիի և Գարեթ Էվանսի կողմից` Լոնդոնի Ֆրանսիական ինստիտուտի` «Cine Lumiere» ծրագրի աջակցությամբ:
Լոնդոնի հայկական ֆիլմերի փառատոնի օրերին ցուցադրվեցին Սերգեյ Փարաջանովի, Ատոմ Էգոյանի, Արտավազդ Փելեշյանի, Հարություն Խաչատրյանի, Նորա Արմանիի, Տիգրան Խզմալյանի, Դոն Ասկարյանի և Կարինե Թորոսյանի ստեղծագործությունները, որոնք արժանացան հանդիսատեսի առանձնահատուկ ուշադրությանը` համախմբելով բազմաթիվ հանդիսատեսների:
Յուրաքանչյուր տարի հայաստանցի ուսանողները մասնակցում են Լոնդոնում անցկացվող Անգլիախոսների միության (ESU) ամենամյա մրցույթին:
2008 թ. հունվարի 14-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի սրահներից մեկում բացվեց «Հայաստանը լուսանկարիչների աչքերով» հայ լուսանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, որը կազմակերպել էին ՄԹ-ում Հայաստանի դեսպանությունը և Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Ցուցահանդեսը ներկայացնում էր Հայաստանի պատմշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը, անկախության տարիները, ինչպես նաև դրան նախորդած նշանակալից իրադարձությունները (Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում) և երկրի առօրյա կյանքից հատկանշական դրվագներ պատկերող ավելի քան 70 լուսանկարներ:
2009 թ. մարտի 2-6-ը Լոնդոնի Աշխարհագրության թագավորական ընկերությունում բացվեց ՀՀ դեսպանության կազմակերպած «Հայաստանը` մշակույթի երկիր» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին հայկական պատմամշակութային կոթողներ, Հայաստանի բնությունը և ժողովրդի առօրյան պատկերող ավելի քան 70 լուսանկարներ, ինչպես նաև հայկական տառարվեստը ներկայացնող մի քանի տասնյակ ցուցանմուշներ: Այս միջոցառմանը մասնակցում էին ՄԹ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի շրջանակներում, մարտի 4-ին, Թագավորական աշխարհագրական միության կրթական կենտրոնում կայացավ «Հայկական գրավոր ժառանգությունը. այբուբեն և մատենագիր» վերնագրով դասախոսական երեկոն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Բրիտանական գրադարանում Քրիստոնյա Միջին Արևելքի բաժնի վարիչ դր. Վրեժ Ներսիսյանը և Լինքոլնի համալսարանի Արվեստի և դիզայնի դպրոցի դասախոս Քերոլին Պուզովիոն»:
09.02.2010, 14:40
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր