ARM   RUS   ENG

Մուրացկանության դեմ օրենքով պայքարել անհնար է

Փողոցում գումար մուրացողների դեմ կամ նրանց համար ոստիկանությունը որևէ բան անել չի կարող:

Հատկապես եկեղեցական տոների ժամանակ են ակտիվանում մուրացկանները. հաճախ զարմանում ես, թե որտեղի՞ց այսքան մուրացկան:

Ոստիկաններն էլ շրջում են նրանց մոտով, երբեմն հումոր անում, ավելի հաճախ էլ դիմում, թե «էսօր գործդ ո՞նց ա»:

Իսկ արդյոք մուրացկանությունն օրենքով պատժելի՞ է, թե՞ ոչ:

Մոտ 70-ամյա անօթևան մի կին, ում բնակարանը երկար տարիներ փողոցն է, պատմեց, որ ինքը դռևս ԽՍՀՄ տարիներից է զրկվել օթևանից, բայց այն ժամանակ չէր կարող փողոցում ապրել, ստիպված կատարում էր ցանկացած տեսակի աշխատանք, հետո էլ աշխատածը տալիս էր մի նկուղում ապրելու համար:

«Այդ ժամանակ պատժում էին հենց տեսնեին մեկը մեկից փող ա ուզում, ինձ էլ մի քանի անգամ ձերբակալել են»,- Aysor-ի հետ զրույցում ասաց նա:

Իսկ ձերբակալության պատճառն այն էր, որ ԽՍՀՄ Վարչական օրենսգրքով մուրացկանությունն արգելվում էր: Այսօր ՀՀ Վարչական օրենսգրքի հիմքը ԽՍՀՄ Վարչական օրենսգիրքն է, որտեղից, սակայն, հանվել է մուրացկանությունն արգելող օրենսդրական դրույթը:

Օրենքը ոչինչ չի կարող անել փողոցում գումար մուրացողների համար, անգամ չի կարող դրդել ստիպված աշխատանքի: Գուցե նաև դրանից է, որ նրանց մի մասն էլ նախընտրում է օգտվել առիթից ու «փափախ գործ անել»:

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Արմեն Մալխասյանն ասաց, որ մուրացկանությունն օրենքով չի արգելվում, ուստի ոստիկանությունն էլ որևէ քայլ ձեռնարկելու գործառույթ կամ իրավունք չունի:

«Ոստիկանությունն ավելի շատ պրոֆիլակտիկ-կանխարգելիչ գործողություններ կարող է անել: Բայց մուրացկանությունը քրեորեն հետապնդելի չէ, և վարչական օրենսգրքով նույնպես»,- նշեց Մալխասյանը:

Պրոֆիլակտիկ-կանխարգելիչ գործողություններից են, օրինակ, չափազանց կեղտոտ ու ծանր վիճակում գտնվող մուրացկանին օգնել ու հասցնել բուժհաստատություն կամ անօթևան մարդկանց համար գործող միակ կենտրոն` Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:

Ինտերնատում էլ անօթևանները չեն կարող լիարժեք ապրել: Aysor-ն անդրադարձել էր անօթևանների միակ կացարանին ու այնտեղ տիրող իրավիճակին, ինչպես նաև ևս մեկ օրենսդրական բացի, երբ անօթևանները միայն 60 օր կարող են մնալ կացարանում. դրանից հետո նրանք կրկին վերադարձվում են փողոց:

Թափառաշրջիկների մասով ընդհանրապես որևէ օրենսդրություն հանրապետությունում չկա: Այդպիսին չի եղել նաև խորհրդային տարիներին: Թափառաշրջությամբ զբաղվելու համար նախկինում նախատեսված էր քրեական պատասխանատվություն: Մասնավորապես, ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 225 հոդվածով նախատեսված էր քրեական պատասխանատվություն` թափառաշրջությամբ զբաղվելու համար: Սակայն թափառաշրջիկներին ոչ քրեաիրավական միջոցների կիրառմամբ մեկուսացնելու ինստիտուտ նախատեսված չէր: Այն նախատեսված չէ և հիմա:

Ընդ որում, թափառաշրջիկներին առանց պատժի կիրառման մեկուսացնելու գաղափարը ընդհանրապես բավական վիճահարույց է և ունի բազմաթիվ կողմնակիցներ և հակառակորդներ: Աշխարհում ընդունված է համարել, որ բարեկիրթ քաղաքացիները պետք է զերծ պահվեն որոշակի բնակության որոշակի վայր չունեցող անձանց հետ ակամա շփումներից: Նշվում է նաև, որ թափառաշրջիկների հիմնական մասը հետագայում հանցագործ է դառնում: Դրա հետ մեկտեղ, թափառաշրջիկն իր հերթին պաշտպանության կարիք ունի, քանի որ առանց փաստաթղթերի մարդը հանցագործների ապագա զոհն է:

Նշված պատճառներով էլ ասվում է, որ թափառաշրջիկները պետք է մեկուսացվեն հասարակությունից և վերականգնվեն, այդ թվում սոցիալապես, ինչպես դա արվում է թմրամոլների, իսկ նախկինում նաև գինեմոլների պարագայում:

Հարկ է նշել, որ այդպիսի միջոցները քրեաիրավական բնույթ չեն կրում, չեն կրելու և այդ անձանց դեմ մղվող պայքարի հատկանիշներ չունեն: Քաղաքակիրթ աշխարհն արդեն անցել է թափառաշրջիկների հետ պայքարելու դարաշրջանը, որի արդյունքում ճանաչվեց վերջիններիս` իրենց հայեցողությամբ ապրելու իրավունքը, պայմանով, որ այն չպետք է վնաս պատճառի այլ անձանց: Սոցիալական կարգավիճակից խուսափող մարդը որևէ հանցագործություն չի կատարում: Նա պարզապես իր գոյությամբ անհարմարություններ է պատճառում հարևաններին: Այդ պատճառով անհրաժեշտ է նման անձանց գործողությունները կանխել ոչ կոշտ ձևով:

Ընդ որում, համապատասխան օրենսդրություն թափառաշրջիկներին հասարակությունից մեկուսացնելու մասին այլ երկրներում գոյություն ունի: Թեև անօթևան և գործազուրկ լինելը հանցագործություն չէ, այգիներում մուրացկանությունը կամ գիշերելը ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում արգելված է: Միչիգան նահանգում, օրինակ, գործում է օրենք, համաձայն որի` մարդը կարող է արգելանքի վերցվել թափառաշրջությամբ զբաղվելու կասկածանքով, եթե ոստիկանի պահանջով չներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և չկարողանա կանխիկ վճարել առնվազն 3 դոլար տուգանքը:
 

09.02.2010, 10:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |