ՀՌԱԿ. գազի գնի թանկացումը ծանր հարված կհասցնի
Այսօր Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը, հանդիսանալով տնտեսության ազատականության գաղափարակիր, համոզված է, որ գազի գնի հերթական կտրուկ թանկացումը ծանր հարված է հասցնելու երկրի տնտեսությանը և մեր քաղաքացիներին` յուրաքանչյուր սպառողի: Ոլորտի մասնագետների այն դիտարկումը, թե մեր երկրում նույնիսկ թանկացումից հետո գազի գինը ցածր է լինելու համաշխարհային գներից, հետևաբար, մատչելի կլինի սպառողին, զուրկ է որևէ խելամիտ հիմնավորումից:
Անհերքելի փաստ է, որ մեր երկրում գազի գինը ցածր է համաշխարհային գներից, բայց միաժամանակ անհերքելի փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետության բնակչության եկամուտները բազմապատիկ անգամ զիջում են զարգացած երկրների բնակչության եկամուտներին, հետևաբար, գազի թանկացումը կհանգեցնի շղթայական թանկացումների` կենսական նշանակության այլ ոլորտներում ևս: Արդյունքում կնվազի բնակչության վճարունակությունը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի առևտրի ու սպասարկման ծավալների նվազման, բնականաբար նաև արդյունաբերության արտադրանքի ծավալների նվազման:
Այս հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե միջոցներ կձեռնարկվեն գազի գնի թանկացման բացասական հետևանքները մեղմելու համար, առնվազն համոզիչ չեն հնչում: Մեր երկիրը դեռ չի թոթափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հասցրած վնասները, և այն կառավարությունը, որը միայն մեկ տարվա ընթացքում մեր երկրի արտաքին պարտքը, նույնիսկ քառապատկելու պարագայում, ֆինանսական տարին փակեց ՀՆԱ 14,4 % նվազմամբ, հետևաբար, խիստ կասկածելի է դառնում նոր` լրացուցիչ ռեսուրս հայթայթելու այդ կառավարության կարողունակությունը ու ռեսուրսների արդյունավետ ուղղորդումը:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը համոզված է, որ օտարների «ձեռքերում» որպես սեփականություն կամ կառավարման հանձնված` հայկական կենսական նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների պատասխանատուները ցուցաբերում են անպարտաճանաչության ու ցինիզմի դրսևորումներ: Նրանցից շատերը, չկատարելով խոստացած ներդրումային պարտավորությունները, մի քանի տարի շարունակ դրամի արժևորման պարագայում ստացան գերշահույթ, օրենքի բացակայության պատճառով չհարկվեցին ստացած գերշահույթից, իսկ այժմ ՀՀ քաղաքացիներին են ներկայացնում, թե իբր իրենք վնասներ կկրեն, եթե թանկացումներ չլինեն:
Անպարտաճանաչության ու ցինզմի դրսևորում է նաև մատուցված ծառայությունների անորակությունը, որն առկա է և՛ գազի, և՛ կապի, և՛ ջրի, և՛ էլեկտրականության, և՛ տրանսպորտի ու վառելիքի, և՛ այլ ոլորտներում: Իսկ այս ամենի մեղավորը «հայրենի» կառավարությունն է, որը դասախոսությունների ու հեքիաթասացության փոխարեն, ճիշտ կաներ` որակի վերահսկողությունը խստացներ երկրում և շտապ հանդես գար գերշահույթի մասին օրենքի նախաձեռնությամբ ու կոալիցիոն գործընկերների հետ շտապ հաստատեր այն Ազգային ժողովում:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը գտնում է, որ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ քաղաքացիների առջև ծառացած է ֆիզիկական գոյության ու պաշտպանվածության գերխնդիրների լուծումը, գազի և կենսական նշանակության մյուս ոլորտների մատուցած ծառայությունների թանկացումը տնտեսական անկման պարագայում սպառնալիք կհանդիսանա ազգային անվտանգությանը: Նույնիսկ ՀՀ քաղաքացիների հանդուրժողականության պարագայում, ստացված ֆինանսական, սոցիալական, հոգեբանական վնասների մեղմելու փորձերը չեն բերի ցանկալի արդյունքի, այլ կհանգեցնեն անդառնալի կորուստների:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը գազի գների թանկացումը դիտարկում է Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու միջոց, արտաքին քաղաքականության գործընթացներում ինչ-ինչ հարցերում զիջումներ կատարելու պատրվակ, որն էլ չի բխում աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերից:
Հետևաբար, պահանջում ենք ՀՀ Նախագահից ու իր քաղաքական գործընկերներից` գազի թանկացման հարցը դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից և անել հնարավոր բոլոր քայլերը` մոտ ապագայում ապրանքների և մատուցված ծառայությունների որևէ թանկացումից խուսափելու համար»:
09.02.2010, 15:57
Aysor.am
16:33 • 20/03, «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան»
16:12 • 20/03, ՀՀԿ անդամը ողջունում է Բագրատյանի «100 քայլը»
16:08 • 20/03, «Թուրք հասարակությունը պատրաստ չէ Ցեղասպանությունը ընդունել»
16:00 • 20/03, «Թատրոն X»-ի շրջանակներում ներկայանում է Գյումրին
15:49 • 20/03, Հայկական ներկայացումը Թուրքիայում մտածելու տեղիք է տվել
15:41 • 20/03, Նախապայմանների դեպքում` Երևանը կպահանջի Ցեղասպանության ճանաչում
15:35 • 20/03, Մելիքյան. ԼՂ կարգավորման հարցում ծագումը նշանակություն չունի
14:49 • 20/03, «Ղարաբաղի վերադարձը բանակցություններ` կախված է միջնորդներից»
14:21 • 20/03, Նավթն էժանանում է` դոլարի ուժեղացման պատճառով
Գլխավոր