ARM   RUS   ENG


Կոռուպցիայի դեմ պայքարում օրենսդրական նորը` ճնշման լծակ

Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված չեն միայն սուբյեկտիվ իրողություններով, այլ երբեմն այդօրինակ ռիսկեր են առաջանում հենց օրենսդրական նորմերի «շնորհիվ»:

«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում, որ իրականացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ, կլոր սեղան-քննարկում էր` իրավաբան-փորձագետ Արա Զոհրաբյանի եւ ծրագրի իրականացնող ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի մասնակցությամբ:

Արա Զոհրաբյանն իր փաստաբանական պրակտիկայից երեկ ներկայացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեմն հակառակ ազդեցությունն է ունենում: Մասնավորապես, դատավարություններում դատախազներն առավելագույն պատիժ եմ պահանջում մեղադրանքը պաշտպանելիս այն մտավախությամբ, որ չմեղադրվեն կաշառակերության մեջ, իսկ դատավորներն էլ, իրենց հերթին, խուսափում են մեղմել պատժամիջոցը, որպեսզի չմեղադրվեն կաշառված լինելու մեջ:

Մամուլում վերջերս լայնորեն ներկայացվել են «Կարախանյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակի` Պետեկամուտների կոմիտեի դեմ ներկայացված դատական հայցն ու դրա պատմությունը, որին երեկ անդրադարձան նաեւ կլոր սեղանի մասնակիցները:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն 2009 թ. սեպտեմբերին ստուգումներով արձանագրություն էր կազմել, եւ «Կարախանյան եւ ընկերներ»-ի գույքն ու միջոցները պետությունից հարկեր թաքցնելու մեղադրանքով դրվել էին արգելանքի տակ: Չանդրադառնալով խնդրի այլ մանրամասների, նշենք, որ Արա Զոհրաբյանի ներկայացմամբ, արդեն իսկ այն հանգամանքը, որ արգելանք է կիրառվում, յուրօրինակ հնարավորություններ տվող օրենսդրական նորմ է, հնարավորություններ` ճնշելու կազմակերպությանը, վնաս պատճառելու:

Խնդիրն այն է, որ արգելանքը համապատասխան վճիռ չկայացվելու դեպքում ինքնաբերաբար հանվում է երեսուն օրվա ընթացքում, մինչդեռ փաստաբան Զոհրաբյանն ընդգծեց, որ դատավարական ժամանակացույցի ներկա պայմաններում դա հնարավոր չէ: Այսինքն ստացվում է, որ որեւէ կազմակերպության գույքի ու միջոցների վրա արգելանք դնելը ժամանակավոր բնույթ է կրում ու դառնում ճնշման լծակ, նկատենք, օրինական:

Այսուհետեւ ներկաներն արծարծեցին ընդհանրապես կոռուպցիայի գաղափարն ու դրա դեմ պայքարի արդյունավետության խնդիրը: Ըստ այդմ, փորձագետ Զոհրաբյանը ներկայացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն անիմաստ է հետեւանքների առումով, եթե չեն բացահայտվում պատճառներն ու դառնում պայքարի հիմնական թիրախ: Զոհրաբյանի խոսքերով, այս առնչությամբ առաջնային են դառնում մի շարք հարցեր, մասնավորապես, կադրերի կոմպետենտության, աշխատավարձի չափի, պատասխանատվության ու պատժելիության եւ այլն:

Փորձագետը նշեց, որ չնայած դատավորների աշխատավարձերը բարձրացվել են վերջին ժամանակներս, դրական տեղաշարժ կոռուպցիոն ռիսկերի նվազման առումով նկատելի էր մինչեւ 2008 թ. մարտի մեկի իրադարձությունները: Ներկա դրությամբ իրավիճակը դատական համակարգում անկախության առումով կարծես որոշ դադարի վիճակում է, որ միտում է դրսեւորում դրական զարգացում ունենալու:

Եվ, այնուամենայնիվ, փորձագետը մտահոգություն հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ազդեցությունը, ինչպես արդեն նշել ենք, կարող է հակառակն էլ լինել, նկատի ունենք վնասը հատկապես քրեական գործերի քննության պարագայում, որոնցում մեղավորության սկզբունքով են առաջնորդվում ինչպես դատախազը, այնպես էլ դատավորը` կաշառված լինելու մեղադրանքից իրենց ազատելու մտավախությամբ:

Աղավնի Հարությունյան
«Ազգ» օրաթերթ, 12 փետրվարի, 2010

17.02.2010, 14:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |