ARM   RUS   ENG


Փոփոխությունները հնարավոր են գրագետ սերնդափոխությունից հետո

Կոռուպցիայի դեմ պայքարը ստանում է «կոբրայի էֆեկտ»

«Երբ բարձր ամբիոններից գոչում են պայքար կոռուպցիայի դեմ, երբեմն դրանք կազմակերպող անձինք դա այլ կերպ են հասկանում: Հիմա մեր փաստաբանները դժգոհում են, որ դատախազը, իր կոռումպացված չլինելն ապացուցելու համար, առաջադրված մեղադրանքը առավելագույնով ուղարկում է դատարան: Դատավորն էլ, կոռումպացվածության մեղադրանքից խուսափելու համար, սահմանում է առավելագույն պատիժ: Արդյունքում այս ամենը ջարդվում է խեղճ ժողովրդի գլխին»,- երեկ կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Քննարկումը կազմակերպել էր Հայաստանի հասարակայնության հետ կապերի ասոցիացիան «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում:

Զոհրաբյանը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը նմանեցրեց «կոբրայի էֆեկտին»: (Հնդկաստանում անգլիացի զինվորները հաճախ էին մահանում կոբրայի խայթոցից, ուստի Անգլիան, կորուստները նվազեցնելու համար, Հնդկաստանի բնակչությանը խոստացավ պարգևատրություն յուրաքանչյուր բռնած կոբրայի դիմաց: Արդյունքում Հնդկաստանում մարդիկ սկսեցին օձեր բազմացնել): Ըստ փաստաբանի` կարևոր է, որ պետության որդեգրած քաղաքականությունը չբերի ցուցադրական չափանիշների այն դեպքում, երբ բովանդակային բացասական հետևանքները խորանում են:

Զոհրաբյանը նկատեց, որ ծրագրի շրջանակներում պետք է անդրադարձ կատարվի ոչ թե մասնավոր դեպքերին, այլ այնպիսի գլոբալ խնդիների, որոնք նպաստում են կոռուպցիայի խորացմանը: Պատճառներից մեկը, փաստաբանի կարծիքով, Հայաստանում պրոֆեսիոնալ կադրերի պակասն է: «Մեր պետության խնդիրն այն է, որ չունենք կոմպետենտ կադրեր` սկսած տաքսու վարորդներից մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Կոռուպցիայի վերացման համար անհրաժեշտ են գրագետ կադրեր»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է նաև հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը: «Հասարակությունը պետք է հետևողական լինի և պահանջի, որ պետությունն իրականացնի ճիշտ վարչարարություն.... Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձևերից մեկն էլ պատժի ինստիտուտի կիրառումն է: Միջնադարում կար դատավոր, որը վախենում էր իր աթոռից, քանի որ գիտեր, որ աթոռի կաշին նախորդ դատավորի կաշին էր: Այսինքն` նա գիտեր, որ եթե անարդար դատավճիռ կայացնի, ապա հաջորդ դատավորը կնստի իր կաշվի վրա»,- ասաց փաստաբանը:

Խոսելով դատարաններում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին` Զոհրաբյանը նշեց, որ նման ռիսկ է նկատում Վճռաբեկ դատարանի կողմից դատական հայցերի հետ վերադարձման գործընթացում: «Նախկինում, երբ բողոք էր ներկայացվում Վճռաբեկ դատարան, այն ընդունվում և քննվում էր, իսկ հիմա Վճռաբեկ դատարանը որոշում է` ընդունել կամ չընդունել»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ նրա` դատարանն ընդունելու համար առաջնորդվում է չորս չափանիշով, որոնց մասին որևէ մեկը որևէ բան չգիտի:

«Առհասարակ, 2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում դատական համակարգում լուրջ ցնցում եղավ, և այն սկսեց անկում ապրել: Հիմա դատական համակարգում նկատվում է դրական տեղաշարժ: Քաղաքական ճնշումներ բոլոր երկրներում էլ կան, բայց այն չպետք է հասնի կենցաղային մակարդակի, երբ հարցերը լուծվում են հեռախոսազանգի միջոցով»,- ասաց Զոհրաբյանը` նշելով, որ փոփոխություններ Հայաստանում կարելի է ակնկալել միայն գրագետ սերնդափոխություն իրականացնելուց հետո:

Արփի Մախսուդյան
«Կապիտալ» օրաթերթ, 12 փետրվարի, 2010

17.02.2010, 18:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |