18/02/2010 19:15
Սեմինար-քննարկում` Ջավախքյան խնդիրները մեկ տարում
Այսօր «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությանը և ջավախքահայության իրավունքների պաշտպանությունը» խորագրով սեմինար-քննարկում: Հանդիպմանը ներկա էին վրացահայերի խնդիրներով զբաղվող կազմակերպություններ ու քաղաքական-հասարակական գործիչներ` այդ թվում ԱԺ պատգամավորներ, քաղաքագետներ, փորձագետներ, ջավախքյան կառույցների ներկայացուցիչներ և այլն:
Տեղեկացնենք, որ քննարկում-սեմինարի կազմակերպիչն է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը, որը բաղկացած է 5 կազմակերպություններից` Հայաստանում և Ջավախքում գործող «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, «Միտք» վերլուծական կենտրոն, «Վիրք» չգրանցված կուսակցություն, «Ջավախք» ժողովրդական շարժում, «Երկիր» ՀԿ Միություն:
Քննարկմանը հրավիրված բանախոսները նախ հանդես եկան զեկույցներով` Ջավախքի աշխարհաքաղաքական դերի, «վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մեխանիզմների», Ջավախքի խնդրի նկատմամբ Հայաստանի քաղաքականության, միջազգային ատյաններում ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ, ապա ներկաները ևս խնդրի վերաբերյալ արտահայտեցին իրենց մոտեցումները, դիրքորոշումն ու առաջարկությունները: