23/02/2010 17:43
Ն. Բաղդասարյան. «Օրենքն իրականացնելն անհնար է»
Այսօր Երևանում տեղի ունեցան քննարկումներ «Փաստաբանության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների և լրացումների ներքո արդարադատության մատչելիության վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել էին ծրագիրն իրականացնող Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը և «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը, իրավաբաններ, միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, պետությունը ստանձնել է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պարտավորություն` քաղաքացիական և վարչական գործերով: Օրինակ, եթե դուք ունեք քաղաքացիական վեճ դատարանում` ամուսնալուծության, բնակարանի և այլն, և անվճարունակ եք, ապա կարող եք ստանալ անվճար իրավաբանական օգնություն»,- լրագրողներին տեղեկացրեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ծրագրի փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը` պարզաբանելով, որ ներկայումս քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն կարող են ստանալ միայն քրեական գործերով, այն էլ` սահամանափակ անձինք` կասկածյալները և մեղադրյալները:
Այդ նպատակով պետությունը նախկինում հատկացնում էր 6 մլն դրամ, պալատի ձևավորումից հետո` 156 մլն դրամ, իսկ փոփոխությունների ընդունման դեպքում, ըստ Ն. Բաղդասարյանի, ծախսերը կկրկնապատկվեն:
«Եթե այսօրվա նախագիծի համաձայն, որը քննարկվում է կառավարությունում, ծավալային փոփոխություն արվի, ապա այդ ծավալով ծառայություն մատուցելն անհնարին է. Փաստաբանների պալատը չունի այդ ռեսուրսները, և օրենքը գրողները չեն մտածել, թե ինչ են գրել: Այդ օրենքն իրականացնելն անհնար է»,- կարծում է Ն. Բաղդասարյանը:
Ըստ նրա, շատ շրջաններում այսօր փաստաբաններ չկան կամ շատ քիչ են, և անվճար իրավաբանական օգնություն ապահովելը խիստ բարդ է: