ARM   RUS   ENG

Րաֆֆի Հովհաննիսյանը և Լարիսա Ալավերդյանը կմեկնեն ԱՄՆ

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը փետրվարի 28-ից մարտի 2-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցեն Policy Forum Armenia-ի տարեկան երկրորդ համաժողովին, որը նվիրված է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Այդ հեղինակավոր և աննախադեպ համաժողովի թեման Հայաստանի և Սփյուռքի փոխներգրավվածության ապահովումն է Հայաստանի ժողովրդավարացման, հայ-թուրքական արձանագրությունների, տնտեսական ոլորտի, կառավարման և համակարգային բարեփոխումների խնդիրներում:

PFA-ի հրավերով Ջորջթաուն համալսարանում մարտի 1-ին Համաժողովի մասնակիցների առջև հատուկ ուղերձով և վերոնշյալ խնդիրների մասին ծրագրային զեկույցով հանդես կգա «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նորանկախ պետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ելույթով հանդես կգա նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով անմիջապես համաժողովին կմիանա Մեծ Բրիտանիա կատարած իր այցելությունից հետո:

Համաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում հասարակական, հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանականներ, մտավորականներ, դիվանագետներ և միջազգային գիտական հեղինակություններ, նրանց թվում` աշխարհահռչակ հայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

Համաժողովի առաջին օրը` փետրվարի 28-ին, Վաշինգտոնի բարձրակարգ ընդունելությունների Cosmos ակումբում PFA-ն կներկայացնի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը:
 

26.02.2010, 13:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |