ARM   RUS   ENG


Ո՞վ է «ՄԱՊ»-ի կոնյակների պիտակների նկարիչը

Հայերս շատ ենք սիրում գլուխ գովել, պարծենալ: Թեեւ այդ թերությունը միայն հայերին չէ հատուկ, բայց սեփական գովաբանության երեւույթներին էլ անտարբեր վերաբերվելով էլի տարբեր ենք ու առանձնահատուկ: Երբ ու որտեղ էլ հարց լինի, թե որտեղացի ենք, ինչ ենք մեզնից ներկայացնում, մի կողմ թողած աշխարհի հանճարն ու հրաշագեղը, անպայման շտապում ենք հայտարարել, թե Շառլ Ազնավուրն է հայ, Արամ Խաչատրյանը, Արշիլ Գորկին ու էլի շատերը, որոնց թվում անշուշտ չենք կարող մոռանալ Մարտիրոս Սարյանին:

Սակայն պարզվում է, որ ուսյալ մարդկանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք ծանոթ չեն Սարյանի արվեստին: Իհարկե, դրան ծանոթ, քաջատեղյակ լինելը պարտադիր պայման չէ լավ քաղաքացի ու յուրաքանչյուրն իր տեղում լավ աշխատող լինելու համար, բայց ընդհանրապես հարկ է տեղյակ լինել, իմանալ, ճանաչել:

Փետրվարի 22-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանում Մարտիրոս Սարյանի ժառանգներ Արաքսի, Ռուզան, Կատարինե եւ Սոֆյա Սարյանների համահայցվորությամբ բողոքի քննությունը հետաձգվեց դատավարական ընթացակարգային հարցերով: Սարյանների ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանի խոսքով, հաջորդ դատական նիստի անցկացման ժամկետի մասին դեռեւս լրացուցիչ կծանուցեն:

Նախորդ օրը «Ազգը» ներկայացրել էր մի փոքր հատված Սարյանների գործից ու խոստացել ավելի մանրամասն անդրադառնալ: Խնդրի ողջ էությունն այն է, որ, ըստ Սարյանների, «ՄԱՊ» ընկերությունն իր խմիչքների պիտակների համար օգտագործել է Մարտիրոս Սարյանի նկարներն առանց թույլտվության, ավելինՙ առանց թույլտվության նաեւ փոփոխել է դրանք:

«ՄԱՊ» ընկերությունը, ըստ Սարյանների վերաքննիչ բողոքի, արտադրել է տարբեր հնության եւ տարողունակության «Արմավիր» եւ «Արմինա» անվամբ կոնյակներ, որոնց պիտակի վրա առանց թույլտվության օգտագործել են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները, մասնավորապես 1928 թվականին ստեղծված «Աշնանային մառախլապատ օր», 1958 թվականին ստեղծված «Երեկո: Արարատ» եւ 1923 թ. ստեղծված «Հայաստան» ստեղծագործությունները:

Առանց Սարյանների համապատասխան թույլտվության «ՄԱՊ» ընկերության կողմից Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների օգտագործումը, ըստ վերաքննիչ բողոքի, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի համաձայն Սարյանների հեղինակային իրավունքների խախտում է: Բացի այդ, պատասխանող ընկերության կողմից ստեղծագործություններում կատարվել են անթույլատրելի փոփոխություններ, ինչն էլ հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքների խախտում է:

Ըստ գործի նախապատմության, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2008-ին քննել է քաղաքացիական գործն ըստ Սարյանների հայցի ընդդեմ «ՄԱՊ» ընկերության` հեղինակային իրավունքի խախտումը դադարեցնելու պահանջով ու 2009-ի դեկտեմբերի վճռով մերժել է հայցադիմումը:

Սարյանների ներկայացուցչի մատուցմամբ, դատարանը գործը քննելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա եւ որոնց արդյունքում դատարանի կայացրած վճիռն ակնհայտ անհիմն եւ անօրինական է: Մասնավորապես, դատարանի` հայցը մերժելու հիմքում դրվել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի իրականացրած մշակութաբանական փորձաքննության եզրակացությունը, որն, ըստ Սարյանների, ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ:

Կատարվել է կրկնակի մասնագիտական արվեստաբանական փորձաքննություն, եւ սակայն, եթե ոչ մասնագիտական աչքով անգամ դիտարկվեն կոնյակի պիտակներն ու Սարյանի ստեղծագործությունները, ապա դյուրին չի լինի արդար ու անկողմնակալ գնահատել դատական վճիռը: Որպեսզի մեկնաբանություններ չարվեն ու չորակվեն ոչ մասնագիտական ու անտեղի, ներկայացնում ենք պիտակները եւ Սարյանի ստեղծագործությունների որոշ դրվագներ, որտեղ ակնհայտ է, թե փորձաքննություն անցկացնող փորձագետները որքանով են տիրապետում իրենց մասնագիտությանը:

Սարյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքում նշած խախտումներում մի քանիսը բավականին հետաքրքրական են, մասնավորապես, որ փորձաքննությանը ներկա չեն գտնվել գործի մասնակիցները, փորձագետներն էլ բնօրինակ-կրկնօրինակ տարբերելու մասնագիտացում են ունեցել, դատարանը չի գնահատել փորձաքննության եզրակացությունը եւ այլն:

Սարյանները վերաքննիչ բողոքով խնդրում են վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարել, ամբողջությամբ բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2009 թ. քաղաքացիական գործով կայացված վճիռը եւ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարանՙ նոր քննության:

Աղավնի Հարությունյան
«Ազգ» օրաթերթ, 24 փետրվարի, 2010

02.03.2010, 19:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |