
Մինչև ոստիկանը չհետևի երթեկության կանոններին...
Ամբողջ հասարակությունը հակված է կարծելու, թե կոռուպցիայի դեմ պայքարն անհնար է, առավել եւս, անհնար է վերացնել այդ երեւույթը: Փաստաբան Հայկ Հարությունյանը համաձայն չէ այս մոտեցմանը, ընդհակառակը, նա խորապես համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է: Երեկ փաստաբանն այս մասին հայտարարեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում կլոր սեղանի քննարկմանը, պարզաբանելով, որ կոռուպցիան միայն կաշառքը չէ, այլ որեւէ պաշտոնական դիրքի օգտագործումը մասնավոր շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիա» ծրագրի հետ համատեղ:
Թեեւ Հարությունյանը հիմնականում փաստաբանական գործունեություն է ծավալում առեւտրային եւ տնտեսական իրավունքի ոլորտներում, այնուամենայնիվ, նա նշեց, որ կոռուպցիայի օրինակների համար առանձնակի հեռու գնալ պետք չէ, քանի որ այն առկա է հենց դատական համակարգում: Ավելի հաճախ չկան ուղղակի ապացույցներ, թե այս կամ այն գործում կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն կան այդ առնչությամբ հիմնավոր կասկածներ: Ասվածը կարեւորվում է այն պատճառով, որ, փաստաբանի կարծիքով, կոռուպցիայի դեմ ամենաարդյունավետ գործոններից մեկը հավատն է, թե պայքարը հնարավոր է:
Ամեն դեպքում, հակակոռուպցիոն պայքարում մեծապես կարեւոր է նաեւ պայքարն այդ երեւույթի պատճառների դեմ, ուստի լրատվամիջոցների ներգրավվածության, նրանց կողմից կոռուպցիայի նկատմամբ արտաքին վերահսկողության իրականացման հարցում պատճառներին անդրադարձն առավել կարեւոր է, քան կոնկրետ դեպքերն ու դրանց լուսաբանումը:
Այս ամենով հանդերձ ու նաեւ մոտեցմամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է, Հայկ Հարությունյանը Հայաստանում այդ պայքարի համար մի մեծ խոչընդոտ է տեսնում. կաշառակերությունը Հայաստանում հարմար է գրեթե բոլորին: Օրինակ, ճանապարհային երթեւեկության պարագայում, երբ ոստիկանը կանգնեցնում է վարորդին, վերջինս նախընտրում է կաշառք տալն ու գլուխը պրծացնելը: Ուստի ինչքան էլ անթերի օրենքներ գրվեն, արդյունք ստանալու համար անհրաժեշտ է փոխել հայի մտածելակերպն ու մոբիլիզացնել հանրությանը:
Սա իրագործված տեսնելու համար հարկ է բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, որը Հարությունյանը պայմանավորում է ճանապարհային երթեւեկության կանոններին ենթարկվելու ցուցանիշներով: Այստեղ առանձնահատկությունը ճանապարհային երթեւեկության առումով այն է, որ դրանց մարդիկ առնչվում են ողջ կյանքի ընթացքում, ու այդ կանոնների միջոցով է ձեւավորվում վերաբերմունքն ընդհանրապես օրենքի հանդեպ:
Այնուամենայնիվ, ճանապարհային երթեւեկությունն իր մասնակիցներով, ըստ փաստաբանի, յուրօրինակ ցուցանիշ է, հատկապես եթե դիտարկվի, թե ինչպես են իրենց պահում այդ երթեւեկությունը հսկող ոստիկանները: Նրանք, ովքեր կոչված են պահպանելու երթեւեկության կանոնները, իրենք իսկ խախտում են դրանք` առանց անհրաժեշտության: Սա հենց այն դեպքն է, երբ իրականությունը թույլ չի տալիս արմատախիլ անել կոռուպցիան:
Հայկ Հարությունյանը երեկ հետաքրքրական մի օրինակ բերեց, որը թեեւ անմիջապես կոռուպցիային չառնչվող վիճակ է, սակայն անուղղակիորեն անգամ կույրը կարող է տեսնել, որ դատական իրականության մեջ նշված գործով ամեն ինչ չէ, որ մաքուր է: Մասնավորապես, արդեն երկրորդ անգամ Արմավիրի առաջին ատյանի դատարանով անցնելուց հետո կրկին վարչական գործերով վերաքննիչ դատարանի վարույթում է հայտնվել, այսպես կոչված, Սարյանների գործը:
Ըստ փաստաբանի, «ՄԱՊ» ընկերության խմիչքների պիտակների վրա են հայտնվել Մարտիրոս Սարյանի մի շարք նկարներ, որոնց հեղինակային իրավունքի պաշտպանության համար էլ Սարյանների ընտանիքը դիմել է դատարան: Գրեթե երեք տարի տեւող դատավարություններում Սարյանների ընտանիքը դեռեւս արդյունքի չի հասել: Գործին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
Աղավնի Հարությունյան
«Ազգ» օրաթերթ, 19 փետրվարի, 2010
02.03.2010, 20:12
Aysor.am
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
Գլխավոր