ARM   RUS   ENG


«Կաշառակերության դեմ պայքարը հնարավոր է»

Այսօր «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան-քննարկում` այս անգամ իրավաբան-փորձագետ Հայկ Հարությունյանի մասնակցությամբ:

Ծրագրի մասնակից 20 լրատվամիջոցների` կոռուպցիային առնչվող դատական գործերի լուսաբանումները տեղակայվում են aysor.am և panorama.am կայքերում ստեղծված «Ընդդեմ կոռուպցիա» բաժիններում: APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ արդեն գործում է նաև հեռուստատեսային բլոկը:

Հ. Հարությունյանի խոսքերով, կաշառակերությունը, որպես տարածված երևույթ, առկա է նաև ՀՀ դատական համակարգում:

«Լինում են շատ դեպքեր, երբ մենք թեև չունենք կոնկրետ ապացույցներ, բայց ունենք հիմնավոր կասկածներ, որ թերևս առանց կաշառակերության այստեղ գործը չի ընթացել: Մենք դրան կարող ենք հակադրել միայն մեկ բան` մեր պրոֆեսիոնալ աշխատանքը»,- ասաց Հ. Հարությունյանը` հավելելով, որ հետևողականության շնորհիվ կարելի է դիմակայել կոռուպցիոն ռիսկերին:

Փորձագետը խոր համոզմունք հայտնեց, որ կաշառակերության դեմ պայքարը հնարավոր է: Սակայն հաճախ հասարակությունում հանդիպում է այն իրավիճակը, երբ մարդիկ հուսալքված են և համոզված, որ կաշառակերությունն անխուսափելի չարիք է, և դրա դեմ հնարավոր չէ պայքարել. «Արդյունավետ պայքարի ամենակարևոր գործոններից մեկը` հավատն է, որ կաշառակերությունն անհաղթհարելի չէ»:

Այս առումով Հ. Հարությունյանը կարևորեց լրագրողներիս դերը կաշառակերության դեմ պայքարի հարցում, հատկապես, երբ մենք հետամուտ ենք լինում երևույթների պատճառներին:

«Հայաստանում կաշառակերության դեմ պայքարն ունի մի շատ մեծ խոչընդոտ. կաշառակերությունն այս կամ այն իրավիճակում ձեռնտու է գրեթե ցանկացած անձի համար»,- նշեց Հ. Հարությունյանը` մեկնաբանելով, որ շատ վարորդներ կան, որոնք այսպես թե այնպես խախտում են երթևեկության կանոնները և հայտնվելով պատասխանատվության ենթարկվելու «սպառնալիքի» առջև, գերադասում են «տալ կաշառք և պրծնել այդ գլխացավանքից»:

Բերելով ճանապարհային երևթևեկության օրինակը, որի հետ մարդն առնչվում է ողջ կյանքի ընթացքում, Հ. Հարությունյանը շեշտեց, որ բացասական երևույթները պետք է արմատախիլ արվեն. «Ամենակարևորը գիտակցությունն է և հասարակական գիտակցության մոբիլիզացիան` ընդեմ կաշառակերության»:

Հիշեցնենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (Mobilizing Action Against Corruption (MAAC) Activity) աջակցությամբ:

Գայանե Խաչատրյան
Aysor.am. 18 Փետրվար, 2010

03.03.2010, 19:25

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |