ARM   RUS   ENG


«Սարյաններն ընդդեմ ՄԱՊ»-ի. Հեղինակային իրավունքը չի վերականգնվել

Փետրվարի 22-ին վերաքննիչ դատարանում տեղի է ունենելու արդեն երեք տարվա պատմություն ունեցող «Սարյաններն ընդդեմ ՄԱՊ»-ի դատական գործը: Այս մասին լրագրողներին ասաց Սարյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Հարությունյանը:«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում լուսաբանվող հերթական դատական գործը վերաբերում է հեղինակային իրավունքի խախտմանը, որի դեպքում նույնպես նկատելի են «կոռուպցիոն ռիսկեր»:

«Մարտիրոս Սարյանը մեր հոգևոր ժառանգությունն է, մեր մշակույթի կարևոր տարրերից մեկն է, եթե մենք` հայերս, հենց Հայաստանում ենք այսպես վերաբերում Սարյանի ժառանգության պահպանությունը, ուրիշից ինչ կարող ենք ակնկալել»,- ասաց Սարյանների շահերի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը:

Արմավիր մարզի առաջին ատյանի, ապա Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարաններում Սարյանների հայցը մերժելուց հետո, «Սարյաններն ընդդեմ ՄԱՊ»-ի դատական գործը քննվում է Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Խոսքը` հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգների և Արմավիրի ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի մասին է: Սարյանները վստահ էին, որ արդեն մի քանի տարի է, ինչը ՄԱՊ-ը իր անվանական կոնյակների վրա փակցրել էր պիտակներ, որոնք նկարչի տարբեր աշխատանքներից հատվածներ են: Այսպիսով, առանց Սարյանների համապատասխան թույլտվության, «ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների օգտագործումը «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի համաձայն, հանդիսանում է Սարյանների հեղինակային իրավունքների խախտում: Բացի այդ, ընկերության կողմից ստեղծագործություններում կատարվել են անթույլատրելի փոփոխություններ, ինչն էլ հանդիսանում է հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքների խախտում:

Դատարանը հայցը մերժել է այն հիմքով, որ հայցվորի կողմից վկայակոչված հայցը հիմնավորող հանգամանքները գործում առկա ապացույցներով չեն հիմնավորվում: Նշված հիմքով հայցը մերժելով դատարանը վճռի հիմքում դրել է Մշակույթի նախարարության, մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի կողմից իրականացված մշակութաբանական փորձաքննության եզրակացությունը: Սակայն բողոքող կողմը գտնում է, որ ապացույց հանդիսացող եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար այն չպետք է դիտվեր որպես թույլատրելի ապացույց և չպետք է դրվեր վճռի հիմքում: Փորձագիտական եզրակացության համաձայն կոնյակների պիտակների վրա Սարյանի նկարները չեն պատկերված կամ Սարյանի ստեղծագործություններից աննշան տարրեր են վերցված: Նկարները երկրորդ անգամ են անցել «փորձաքննությունը», այս անգամ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից, սակայն կրկին նույն պատասխանն են տվել:

Սակայն, ըստ հայցվորների, ստեղծագործությունների և պիտակի նկարների նմանություններն այնքան ակնհայտ են, որ կարող են գնահատվել նաև ոչ մասնագետի կողմից: «Երբ նկարիչներից մեկին ցույց տվեցինք, նա ուղղակի ասաց` մեկը մյուսից թխված է»,- ասաց Հ. Հարությունյանը:

«Ես, որպես փաստաբան, այստեղ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր. եթե դատարանն ու փորձագետները այստեղ նմանություն չեն տեսնում, այն դեպքում, երբ ակնհայտ երևում է, որ մի նկարը արտատպվել է մյուսից, ապա խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին: Կարող եմ գրել արդարադատության խորհուրդ, սակայն ո՞վ ասաց, որ այդ խորհուրդը չի կրի նույն ազդեցությունը, ինչ որ դատավորը: Չեմ ասում, որ որևէ մեկը մյուսին գումար է տվել, այլ ենթադրում եմ, որ այլ ազդեցություններով է դա կատարվել»,-նշեց փաստաբանը` հավելելով, որ ինքը չի հավատում, որ այստեղ ամեն ինչ մաքուր է, որ դատարանը կարող էր դատական սխալ թույլ տալ:

Այն հարցին, թե ի՞նչ կլիներ, որ չլիներ ՄԱՊ-ը, այլ նորաստեղծ մի ընկերություն, Հ. Հարությունյանն ուղղակի պատասխանեց.«Ես չեմ կարող ասել: Ասեմ միայն, որ ՄԱՊ-ի փաստաբանը դատական նիստի ժամանակ ասել է, որ Ալեքսան Պետրոսյանը (ԱԺ պատգամավոր) հանդիսանում է ՄԱՊ-ի խորհրդի նախագահ: Բացեք Սահմանադրությունը, ԱԺ կանոնակարգը ու տեսեք հետևանքները: Եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, սրա մասին էլ պետք է խոսենք. ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի կարող զբաղվել տնտեսական գործությունեությամբ, այդ թվում նաև որևէ պաշտոն զբաղեցնել որևէ առևտրային ընկերությունում»:

Տաթևիկ Մանուկյան
www.panorama.am, 18 Փետրվար, 2010

03.03.2010, 18:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |