ARM   RUS   ENG

Անվտանգության ապահովման մասնագետի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Քրեակատարողական ծառայության ստացված օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, նախօրեին անձնական ստուգման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Գրիգոր Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարդատության նախարարության մամուլի ծառայության բաժնից` ստուգման ընթացքում նա ներկայացրել է իր համազգեստի վերնաշապիկի տակ թաքցրած ծխախոտի տուփը, որի մեջ հայտնաբերվել են ծխախոտի երկու գլանակներ` ծխախոտի տուփի թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2.9 գրամ ընդհանուր քաշով, կանաչ գույնի, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Գ. Հարությունյանը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը նա պետք է 35000 դրամ վարձավճարի դիմաց փոխանցեր նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձ Արթուր Սմբատյանին, ում հետ նախօրոք եկել էր հանցավոր համաձայնության:

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

 

03.03.2010, 15:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |