ARM   RUS   ENG

ԱԱԾ քննչական վարչության քննիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազության կայքից, նախաքննությամբ պարզվել է, որ 2009 թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման են ենթարկել Թեհրանից Երևան ժամանած ՀՀ քաղաքացիներ Հ. Գևորգյանին և Մ. Ավետիսյանին, որի արդյունքում Մ. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, ապօրինի ձեռք բերած 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն, իսկ 2009 թ. հուլիսի 15-ին նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է նույն վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանին: Սակայն քրեական գործի հարուցումը մերժելու և Մ. Ավետիսյանին և Հ. Գևորգյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար քննիչ Վ. Կոթոլյանը Հ. Գևորգյանից պահանջել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարը երկու մասնաբաժնով` 2000-ական ԱՄՆ դոլար, Վ. Կոթոլյանն ստացել է 2009 թ. հուլիս և օգոստոս ամիսներին` «Մամա-Միա» սրճարանում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Կոթոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
 

03.03.2010, 16:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |