ARM   RUS   ENG

ՄԻՊ-ը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է Օմբուդսմանի գրությունը` հասցեագրված ՀՀ արդարադատության խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2008 թվականի հունվարի 29-ի ՍԴՈ- 731 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 37-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Հայաստանի Հանրապետության 2009 թ. հունվարի 20-ի ՀՕ-35-Ն օրենքի 8-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա. Հունանյան) 2009 թ. ապրիլի 10-ին կայացրած վճիռը (գործ թիվ ԵԱՔԴ-0340/02/09) հիմնավորել է` հղում կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին», - ասված է ՄԻՊ-ի գրությունում:

Հիշեցնենք, որ Արդարադատության խորհուրդը, ի թիվս ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այլ լիազորությունների, դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին: ՀՀ ԱԽ կազմում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։


 

03.03.2010, 12:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |