ARM   RUS   ENG

«Արսեն Պետրոսյանը հանցափաստի մեջ մերկացվել է»

«Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Պետրոսյանը հանցափաստի մեջ մերկացվել է: Ավելի ամուր ու հիմնավոր քրեական գործ կաշառակերության մերկացման առումով չեմ կարծում եղել է վերջին շրջանում», - ասաց ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Ա.Պետրոսյանի դատապաշտպանների արած հայտարարություններին, թե կապացուցեն վերջինիս անմեղությունը, Հ.Պողոսյանը նշեց, որ օրենքով նրանց իրավունք է տրված պաշտպանել Արսեն Պետրոսյանին, ուրեմն` «թող պաշտպանեն»:

Հունան Պողոսյանը հորդորեց սպասել դատաքննության ավարտին:

«Բացի այդ դրվագից, ի հայտ է եկել նաև երկրորդ դրվագը, որ նույն Արսեն Պողոսյանը երկրորդ դրվագով էլ կաշառք է վերցրել, և այժմ երկու դրվագները միասին դատարանում են, ու սպասենք դատաքննության ավարտին»,- տեղեկացրեց Հ.Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, 1958 թ. ծնված Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 միլիոն դրամ նվազեցնելու համար, ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, պահանջել էր 5 միլիոն դրամ կաշառք:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1.210.000 դրամը, իսկ մնացած 3.790.000 դրամը Ա. Պետրոսյանը հասցրել էր փոխանցել նույն տեսչության պետ, 1960 թ. ծնված Տիգրան Գրիգորյանին:

Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Ա. Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաև 2 միլիոն դրամ և ԱՄՆ 1.000 դոլար, իսկ տեսչության պետ Տ. Գրիգորյանը, բացի Ա. Պետրոսյանի կողմից տված կաշառքի գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել էր 3.800.000 դրամ, 15.000 դոլար ու ևս 18.000 դոլար:
 

05.03.2010, 12:54

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |