ARM   RUS   ENG

Մերկացվել են կաշառակեր բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը, որով, ըստ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանի, լուրջ պարտավորություններ են դրվում ՀՀ իրավապահ մարմինների վրա:

«Կոռուպցիայի դեմ պայքարի գործում հիմնականում ելակետ են ընդունվել ինչպես հիմնախնդրին առնչվող միջազգային փաստաթղթերում, այնպես էլ ներպետական օրենսդրական ակտերում ամրագրված դրույթները, ինչի արդյունքում իրավապահ մարմինների աշխատանքը ձեռք է բերել առավել համակարգված բնույթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը:

Նրա հաղորդմամբ, 2009-ին գրանցվել է 550 կոռուպցիոն հանցագործություն, որից 418-ը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության կողմից:

«2009թ.-ին գրանցված 550 կոռուպցիոն հանցագործություններից 90-ը` յուրացման, 10-ը` առևտրային կաշառքի, 159-ը` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, 95-ը` պաշտոնական կեղծիքի, 79-ը` պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու, 56-ը` կաշառակերության, 52-ը` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, 8-ը` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, 1-ը` խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դեպքեր են»,- թվեց Պողոսյանը:

Կոռուպցիոն հանցագործությունների հաշվեկշռում Հունան Պողոսյանն առանձնակի կարևորեց կաշառակերության դեմ տարվող պայքարը:

Նրա խոսքով, 2009-ին հանրապետությունում գրանցված կաշառակերության 56 դեպքերից 49-ը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ջանքերով, իսկ 2008-2009 թթ. ընթացքում հայտնաբերված կաշառակերության դեպքերի թիվը 2007-ի համեմատ աճել է 8-9 անգամ. «Բարձրացել է նաև կատարված բացահայտումների փաստերով հասարակական արձագանքը, քանի որ կաշառակերության փաստերով մերկացվել են բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ»:
 

05.03.2010, 13:47

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |