ARM   RUS   ENG

Աճել է տնտեսական հանցագործությունների բացահայտման ցուցանիշը

Ըստ միջազգային քրեագիտական հետազոտությունների տվյալների` բացահայտվում է պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի միայն 1-2%-ը: Դրա հիմնական պատճառը կաշառք տվող անձանց կողմից հայտարարությունների բացակայությունն է, քանի որ գործարքը կրում է փոխշահավետ բնույթ ինչպես տուժողի, այնպես էլ կաշառք ստացողի համար: ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը դրանով պայմանավորվեց հանցատեսակի և կոռուպցիոն մյուս հանցագործությունների լատենտային բնույթ ունենալու հանգամանքը և դժվար բացահայտվելիությունը:

«Կոռուպցիոն հանցագործությունների և հատկապես կաշառակերության դեմ տարվող պայքարը շարունակվում է նաև 2010 թ.-ին: Թեև դեռևս չեն ամփոփվել համապատասխան վիճակագրական ցուցանիշները, սակայն վստահությամբ կարող եմ փաստել, որ այս տարի ևս ՀՀ ոստիկանությունում հետևողական և համակարգված պայքար է ծավալվելու այս վտանգավոր երևույթի դեմ: Դրա վկայությունն են անցած երկու ամիսներին բացահայտված և հասարակական լայն արձագանք ստացած կաշառակերության դեպքերը»,- ասաց Հ.Պողոսյանը:

Նրա խոսքով, 2008-2009 թթ. հանրապետության իրավապահ մարմինների կողմից առաջընթաց է արձանագրվել նաև տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ: 2009թ. բացահայտման ցուցանիշն աճել է 240-ով` կազմելով 696 դեպք:

Ընդհանուր առմամբ, Հունան Պողոսյանի հրապարակած տվյալներով, 2009թ. հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 696 հանցագործություն, որից ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության` 88, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու և իրացնելու` 136, գանձվող հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելու` 159, մաքսանենգության` 72, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության` 12 և տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների` 229 դեպք:

«Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում հատկապես կարևորվում է դրամանենգության դեմ տարվող պայքարը:
2009թ. արդյունքներով հանրապետության մասշտաբով նկատվում է որոշակի դրական տեղաշարժ նաև այս ուղղությամբ: Գրանցվել է դրամանենգության 136 դեպք` նախորդ տարվա 80-ի դիմաց: Աճը կազմել է 56 դեպք: Գրանցված հանցագործությունների աճին զուգընթաց էականորեն բարելավվել է այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը»,- նշեց վարչության պետը:

Հայտնաբերված հանցագործություններից 84-ը, Հունան Պողոսյանի տեղեկացմամբ, գրանցվել է Երևանում, մարզերում գրանցվել է դրամանենգության 52 դեպք, որոնցից բացահայտվել են 15-ը:

«Չնայած հայտնաբերված կեղծ դրամների ընդհանուր գումարը շատ չնչին է, սակայն այն հանգամանքը, որ գրանցված հանցագործությունների հիմնական մասը չի բացահայտվում, անհանգստանալու տեղիք է տալիս, և այս ուղղությամբ աշխատանքները բարելավման լուրջ կարիք ունեն»,- հավելեց Հ. Պողոսյանը:
 

05.03.2010, 13:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |