ARM   RUS   ENG

ՀՀ դատական համակարգի թերություններն` ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի

Դատավարությունները, որոնք տեղի են ունեցել Երևանում 2008 թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները: Այս մասին ասված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից հրատարակված զեկույցում:

Ավելի քան տասնվեց ամիս տևողությամբ ժամանակահատվածում իննսուներեք քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված հարյուրտասնչորս էջանոց զեկույցը, տրամադրում է մանրամասն առաջարկներ` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին:

«Դատավարությունները տեղի են ունեցել բարձր լարվածության միջավայրում, որը դատարանների աշխատանքը դարձրել էր չափազանց բարդ, և միաժամանակ դժվարությունը պահանջում էր նրանց մասնագիտական գործունեության ամենաբարձր մակարդակ», - ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչը:

«Մենք հուսով ենք, որ այս զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի իշխանությունների ընթացիկ ջանքերին` բարեփոխելու երկրի դատական համակարգը` միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»:

Ուժգին բախումները, որ տեղի ունեցան Երևանում 2008 թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում ոստիկանների և 2008 թ. փետրվարի նախագահական ընտրությունների դեմ բողոքարարների միջև, արդյունքում հանգեցրին առնվազն ութ մահվան և բազմաթիվ վնասվածքների դեպքերի:

2008 թ. ապրիլից 2009 թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻԳ երեսունյոթ դիտորդ հետևել է բախումների առնչությամբ հարուցված դատավարություններին:

Զեկույցի առաջարկություններից են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը և հետամուտ լինել անմեղության կանախավարկածին: Այն նաև առաջարկում է միջոցներ` երաշխավորելու մեղադրող և պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպես նաև համապարփակ քննություն խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի բողոքների նկատմամբ` կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը: Զեկույցում նշվում է, որ դատավորների համար օգտակար կլինեն անաչառ և մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու իշխանություններին` Հայաստանում արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում», - ասել է Լենարչիչը:

«Մեզ նաև հուսադրում է այն բաց վերաբերմունքը, որ ցուցաբերվել է դատավարությունների դիտորդման ծրագրի ժամանակ, և գնահատում ենք իշխանությունների ներդրումը վերջնական զեկույցի պատրաստման գործընթացում: Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին»:

Զեկույցի ամբողջական տեքստը տեղադրված է www.osce.org/odihr կայքում, հայտնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակից:
 

08.03.2010, 15:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |