ARM   RUS   ENG

Վարչապետը կարևորում է Ասիական զարգացման բանկի ծրագրերը ՀՀ-ում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` Կենտրոնական և Արևմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը և ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ՚»ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում:

Վարչապետն անդրադարձել է Զվարթնոցում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և գյուղմթերքների մեծածախ ցանցի ձևավորմանը և ընդգծել դրանում Ասիական զարգացման բանկի օժանդակության կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև երկաթուղու կառուցման և Երևանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել ընթացիկ տարվա համար արտահանմանն ուղղված համալիր ծրագիր ներկայացնել կառավարությանը:

Վարչապետը հույս է հայտնել, որ Ասիական զարգացման բանկի մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Փոխադարձաբար կարևորվել է տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում Ասիական զարգացման բանկի մասնակցությունը:

Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 

10.03.2010, 14:28

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |