ARM   RUS   ENG

ՀՀ փոխվարչապետն այցելեց Գեղարքունիքի մարզ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ հանրապետական նշանակության ճանապարհը տուժել է Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:

Լճի մակարդակի բարձրացման հետևանքով հանրապետական նշանակության ճանապարհի շահագործումը վտանգված է Կարճաղբյուր համայնքի մոտ: Փոխվարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել` նշված հատվածի անխափան շահագործումն ապահովելու համար: Մարզպետի առաջարկությամբ կուսումնասիրվի նաև Կալան-Դպրաբակ ճանապարհահատվածը, որի գործարկումը ևս վտանգված է, և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկություններ կներկայացնի նաև այս հատվածի վերաբերյալ:

Այնուհետև փոխվարչապետը ծանոթացավ Լճաշենի հատվածում վերակառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին, որի համար միջոցներ են նախատեսված 2010թ. պետբյուջեում:

ՀՀ փոխվարչապետը Սևանի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` Սևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս փոխվարչապետին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները: Մասնավորապես բարձրացվեց հողերի առաջին սեփականաշնորհման ժամանակ գրանցումներում առկա անճշտությունների խնդիրը: Ա. Գևորգյանը նշեց, որ այն բնորոշ է հանրապետության բոլոր մարզերին, և այդ ուղղությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում արդեն ձևավորված է աշխատանքային խումբ, որը 2009թ. ընթացքում գույքագրել է նմանատիպ խնդիրները: Փոխվարչապետը խոստացավ, որ առաջիկայում խնդիրը կքննարկվի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` վերջնական լուծումներ գտնելու նպատակով:

Քննարկվեցին նաև «Սևան» ազգային պարկի սահմաններում գտնվող հողերի կարգավիճակին առնչվող հարցեր:

 

10.03.2010, 19:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |