ARM   RUS   ENG

Կանանց անվճար բուժօգնության միամսյակ

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարվում է «Ձեզ համար կանայք» անվճար վիրահատական օգնության միամսյակ:

Ակցիայի ընթացքին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետը մարտի 10-ին այցելեց բժշկական կենտրոն: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կենտրոն դիմած հիվանդները միամսյակի շրջանակներում անվճար բժշկական օգնություն են ստանում գինեկոլոգիական և վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ` բաց և էնդոսկոպիկ եղանակներով:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետը շրջեց հիվանդասենյակներով և, հետաքրքրվելով հիվանդների վիճակով, շուտափույթ առողջություն մաղթեց նրանց. «Մեր այս միջոցառումները, որոնք կոնկրետ կանանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի դրսեվորում են, իրականացվում են մեր եկամուտների հաշվին: Այն կանայք, ում սոցիալական կարգավիճակը վճարովի բուժօգնություն ստանալու, վիրահատվելու հնարավորություն չի ընձեռում, նմանատիպ միամսյակների ընթացքում պետք է անվճար բուժօգնության հնարավորություն ստանան: Մեր այս կենտրոնը պարտավորվել է այս մեկ ամսվա ընթացքում օգտակար լինել բոլոր դիմողներին»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

Վիրահատական բուժումից բացի, միամսյակի շրջանականերում կենտրոն դիմած հիվանդներին նաև անվճար կոնսուլտացիա է տրամադրվում: Իսկ դիմողները ոչ միայն մայրաքաղաքից են, այլև հանրապետության տարբեր մարզերից և անգամ Արցախից ու արտերկրից: «Բարեգործական այս ակցիաները լինելու են ամեն տարի և ոչ միայն այս կենտրոնում: Նմանատիպ միջոցառումներ առաջիկայում կկազմակերպվեն քաղաքապետարանի ենթակայության նաև այլ բուժհաստատություններում»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետն, ի դեպ, դատարկաձեռն չէր եկել: Կենտրոնում այս օրերին մայրացած կանայք Կանանց միջազգային տոնի առթիվ արժանացան նվերների:
Մարտի 10-ի դրությամբ «Սուրբ աստվածամայր» ԲԿ-ում անվճար բուժում ստանալու նպատակով արդեն 77 հիվանդ է հերթագրվել: Նշենք, որ անցյալ տարի նմանատիպ ակցիայի շրջանակներում 221 կին է անվճար վիրահատվել: Կենտրոնի գլխավոր բժշկի խոսքով այս տարի վիրահատությունների թիվն, ամենայն հավանականությամբ, ավելին կլինի: Բուժանձնակազմն, ի դեպ, մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, ինչպես արտաժամ, այնպես էլ հանգստյան ու տոնական օրերին:

Երևանի քաղաքապետը ծանոթացավ նաև կենտրոնի հետծննդյան բաժանմունքում ընթացող նորոգման աշխատանքներին:
 

10.03.2010, 19:04

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |