ARM   RUS   ENG

Երևանի Մետրոպոլիտենը հիմնովին կվերակառուցվի

Այսօր, 1.5-ամյա բանակցություններից հետո, Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի շուրջ ստորագրվեցին 3 համաձայնագրեր. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրեցին 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և «Երևանի Մետրոպոլիտեն ընկերության» տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Հարությունյանը` «Ծրագրի աջակցության համաձայնագիր», և Վ. Հարությունյանն ու Վ. Ռազլոգը` «Ծրագրի համաձայնագիր»:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Տ. Դավթյանը, հատկացվող 15 մլն եվրոյից 5 մլն եվրոն դրամաշնորհ է, որը կտրամադրվի Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում, իսկ 5-ական մլն եվրոյի չափով վարկեր կտրամադրվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ, EU LIBOR+1 տոկոսադրույքով:

«Ֆինանսական փաթեթն ընդհանուր առումով բավականին բարենպաստ է, գրանտային միջոցները մոտ 60 % են կազմում, որը միջազգային չափանիշներով բավականին լավ է»,- ասաց Տ. Դավթյանը` շեշտելով մետրոյի լուրջ նշանակությունը քաղաքի համար:

Նա հայտարարեց, որ ծրագրի իրականացման ընթացքը գտնվելու է լուրջ ֆինանսական հսկողության տակ:

Վարկային միջոցներն ուղղվելու են Երևանի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Մասնավորապես, նախատեսվում է թարմացնել մետրոյի շարջակազմը, նորոգել ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխել պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը:

Վ. Ռազլոգի խոսքով, այս ծրագիրը հնարավորություն կտա կատարել էլեկտրաէներգիայի շուրջ 50 % խնայողություն` ջրի դուրս մղման ծախսերի նվազման շնորհիվ:

«Ծրագիրը հնարավորություն կտա Մետրոպոլիտենին բարելավել ծառայությունների որակը»,- նշեց Վ. Ռազլոգը:

10.03.2010, 12:23

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |