ARM   RUS   ENG

Մետրոպոլիտեն. Ասիական բանկի հետ բանակցությունները շարունակվում են

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Երևանի Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունն ավարտելու և Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում դեպի Երիտասարդական կայարան նոր մուտքի կառուցման վերաբերյալ Ասիական բանկի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:

«Արդեն 1 տարի է Ասիական բանկի հետ բանակցություններ ենք վարում, նախնական պայմանավորվածություն ձեռք ենք բերել 2011 թ. համար»,- հայտնեց Գ. Բեգլարյանն` ընդգծելով, որ դա վերջնական չէ:

Ըստ նրա, վարկային ծրագրերի առումով կառավարությունն այսօր մի քիչ ավելի զգուշավոր է: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մետրոյի նոր մուտքի գաղափարը եղել է նախկինում և բավականին աշխատանքներ` մոտ 60 %, կատարված է:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը «սկզբունքային խնդիր» անվանեց Երևանի կենտրոնում մետրոպոլիտենի ևս մեկ ելք ունենալը:

«Փորձում ենք նայել ավելի մեծ համատեքստում` կառավարման համատեքստում: Գաղտնիք չէ, որ կառավարությունը բավականին մեծ ծավալի սուբսիդավորում է իրականացնում մետրոյին, և այս ծրագրերը պետք է նայենք մետրոպոլիտենի ընդհանուր տնտեսական արդյունավետության համատեքստում` ապագայում նաև մտածելով մետրոպոլիտենի ինքնածախսածածկման սկզբունքներին մոտեցնելուն»,- նշեց Տ. Դավթյանը և շեշտեց, որ հստակ մոտեցում կա` զարգացնել Երևանի մետրոպոլիտենը:

10.03.2010, 12:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |